ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՆԱՏՕ–ն շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերը, երկուշաբթի ասաց ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը։
«ՆԱՏՕ–ի հետ համագործակցության զգալի մասն ընթանում է պաշտպանության ոլորտում, որը, ինչպես ավելի վաղ, շարունակվում է տարբեր ուղղություններով և բավականին արդյունավետ։ Մենք շարունակում ենք համագործակցությունը ՆԱՏՕ–ի հետ Զինված ուժերի բարեփոխման ոլորտում, կան տասնյակ ուղղություններ և նպատակներ, որոնցով կազմակերպությունը տրամադրում է փորձագիտական աջակցություն», – ասաց նա «ՆԱՏՕ–ի շաբաթը Հայաստանում» միջոցառման մեկնարկին նվիրված ասուլիսի ժամանակ։
Այվազյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանը կշարունակի համագործակցությունը ՆԱՏՕ–ի հետ նաև Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղարար առաքելության շրջանակում։
«Մենք շարունակում ենք նաև ավելացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ մասնակից երկրների Զինված ուժերի հետ։ Դրա համար ունենք հատուկ ստեղծված ստորաբաժանում», – նշեց նախարարության ներկայացուցիչը։
ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանն իր հերթին նշեց, որ երկխոսությունը Հայաստանի և ՆԱՏՕ–ի միջև շարունակվում է բնական տեմպերով։
Ասուլիսին ներկա էր նաև ՀՀ–ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մատիաս Կիսլերը։ Նա իր հերթին մտահոգություն հայտնեց ՀՀ–ում ՆԱՏՕ–ի գործունեության մասին հասարակության իրազեկվածության ցածր մակարդակի կապակցությամբ։
«Այդ պատճառով այս շաբաթվա ընթացքում կարևոր է ոչ միայն կազմակերպել քննարկումներ մասնագետների և փորձագետների միջև, այլև ներգրավել հասարակության որքան հնարավոր ավելի լայն շերտերի», – հայտարարեց Գերմանիայի դեսպանը։–0–