«Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին այսօր դատարանը երկու ամսով կալանավորել է, հաղորդում է «Ազատություն» ռ/կ–ն`հղում անելով փաստաբան Հովիկ Սուքիասյանին։
Փաստաբանը հայտնել է, որ Առուստամյանը մեղադրվում է կաշառք ստանալու և փողերի լվացման համար:
Փաստաբանը նշել է, որ խոսքը 2011 թվականին կատարված գործողությունների մասին է։
«Ըստ էության պայմանագրով տրված է փոխառության գումար՝ տոկոսների վճարմամբ, մարդուն ասում են, որ «քանի որ դու տոկոս չես ստացել նշանակում է՝ կաշառք ես տվել»: Այդ պայմանագրերի ժամկետները երկարացված են, քաղաքացիաիրավական պայմանագրերը գործում են, էս պահին ուժի մեջ են, իրավական ուժ ունեն, իրավական արժեք ունեն», - ասել է Սուքիասյանը:
Փաստաբանը նաև նշել է, որ Առուստամյանի դեմ ոչ ոք ցուցմունք չի տվել`նշելով, որ Սեդրակ Առուստամյանի մեղադրանքը զուրկ է փաստական և իրավակ հիմքերից:
Սուքիասյանը նաև նշել է, որ դատարանը միևնույն ժամանակ ոչ իրավաչափ է որակել Առուստամյանի ձերբակալությունը։
Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Մուլտի գրուպ»-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի անունը կապվում է ևս 2 քրեական գործերի հետ։ Մեկն առնչվում է Երևանի կենտրոնում ընկերության ձեռնարկած շինարարությանը՝ Աբովյան փողոցի վրա «Մուլտի գրուպը» 2018-ին սկսել էր հյուրանոց կառուցել։ Եվ երբ այդ տարածքում բիզնես ծավալող ընկերության ներկայացուցիչը բողոքել էր դատարան, ընկերությունը շինարարությունը չէր դադարեցրել։
Առուստամյանը այս գործով մեղադրվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ շինարարությունը չդադարեցնելու համար։
Երրորդ քրեական գործն առնչվում է «Հյուսիս-հարավի» շինարարական ծրագրի հետ։ Գագիկ Ծառուկյանի ընտանիքի հետ առնչվող ընկերության ղեկավարը այս գործով մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, ինչպես նաև փողերի լվացման համար։
Ըստ Քննչական կոմիտեի՝ 2008-2010 թվականներին տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը զբաղեցրած Գուրգեն Սարգսյանը Առուստամյանի և այլ անձանց գործակցությամբ «Սթոնս» ընկերությանը իբր մատուցված ծառայությունների համար դուրս է գրել ընդհանուր 177 միլիոն դրամի կեղծ հարկային հաշիվներ։ Գումարի մեծ մասը փոխանցվել է Սեդրակ Առուստամյանին:
Առուստամյանը երեք գործով էլ մեղադրանքը չի ընդունում։–0–