Մոսկվա–Երևան չվերթերից մեկը չեղարկվել է, երկու ուղղությամբ մի քանի չվերթ ուշանում է

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր առավոտյան չեղարկվել է Մոսկվա-Երևան չվերթերից մեկը, երկու ուղղություններով մի քանի չվերթ հետաձգվել է։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակի տեղեկատվության համաձայն՝ «Շերեմետևո» օդանավակայանից չեղարկվել է Shirak Avia–ի չվերթը, որը պետք է վայրէջք կատարեր Երևանում ժամը 7.50-ին (այսուհետ՝ տեղական ժամանակով)։
Երկու չվերթ է հետաձգվել «Վնուկովո» օդանավակայանից՝ Azimuth Airlines–ը՝ մինչև ժամը 15.00-ն, FlyOne-ը՝ մինչև 22.30-ը, ինչպես նաև մեկ չվերթ «Դոնոդեդովո» օդանավակայանից՝ Ural Airlines–ը՝ մինչև 23.30-ը:
Երևանից Մոսկվա ուղղությամբ դեպի «Վնուկովո» օդանավակայան հետաձգվել է երկու չվերթ՝ FlyOne-ը՝ մինչև ժամը 15.00-ն և Azimuth-ը՝ մինչև 16.00-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը սահմանափակումներ է մտցրել «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում օդանավերի ընդունման և մեկնման համար։ Սահմանափակումները չեղարկվել են Մոսկվայի ժամանակով ժամը 7:58-ին (Երևանի ժամանակով 8:58-ին):