Մինչև սեպտեմբերի 1-ը հին «Գազել»-ներով բոլոր գծերը կփոխարինվեն նոր ավտոբուսներով. ի՞նչ փոփոխություններ են սպասվում (ՎԻԴԵՈ)
12:17
15 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այս քաղաքապետարանում կայացած գործակարգավարական նիստի ընթացքում հայտարարեց, որ փոփոխությունների արդյունքում մինչև սեպտեմբերի 1-ը հին «Գազել»-ներով սպասարկվող բոլոր գծերը փոխարինված կլինեն նոր ավտոբուսներ։
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանն նշեց, որ գործող երթուղային ցանցը թվայնացվել է, արդյունքում իրականացվել են ուսումնասիրություններ։
«Ուսումնասիրվել են «Գազել» մակնիշի տրանսպորտային միջոցներով սպասարկվող միկրոավտոբուսային բոլոր երթուղիները, դրանք 24-ն են։ Ուսումնասիրության արդյունքում իրականացվել են ավտոբուսային ու միկրոավտոբուսային կրկնվող գծերի համադրումներ, որ հնարավոր լինի նոր շարժակազմով սպասարկել», – ասաց Հարությունյանը։
Նա նաև նշեց, որ թվով 363 «Գազել»-ները կփոխարինվեն 143 ավտոբուսներով, ինչն էլ իր հերթին կբերի երթևեկության թեթևացման։
«Շարժակազմի կրճատման արդյունքում կրճատվելու է օրական տվյալ տրանսպորտային միջոցների վազքը, ինչը տնտեսական էֆեկտ է ունենալու շահագործման և սպասարկման ծախսերի վրա։ Նշված փոփոխությունները կսկսեն երևալ Երևանում հունիսի 1–ից», – նշեց վարչության պետը։
Նա նաև հավելեց, որ N3 և N12 գազելային երթուղիները կփոխարինվեն մեկ ավտոբուսային երթուղիով, քանի որ դրանք կրկնվող երթուղիներ են։
«Նշված փոփոխությունները տեսանելի կլինեն 15 օրը մեկ պարբերականությամբ։ Մեկնարկը կտրվի հունիսի 1–ին, իսկ ավարտը` օգոստոսի 15–ին։ Այսինքն, վերջին փոփոխությունները տեսանելի կլինեն օգոստոսի 15–ին։ Ժամանակացույցը հստակ կազմված է», – ասաց Հարությունյանը։
Նա հավելեց, որ հունիսի 1–ին N5 ավտոբուսային երթուղին կփոխարինվի MAN տիպի ավտոբուսներով։–0–
Ռուբեն Վարդանյանը կինը հայտնել է, որ Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր հազարավոր այլ հայերի հետ հեռանալ Արցախից