Մինչև 300 հազար դրամի գործարքները ենթակա չեն հայտարարագրման․ ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Մինչև 300 հազար դրամի գործարքները ենթակա չեն հայտարարագրման, հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը Հանրային հեռուստաընկերության եթերում՝ պատասխանելով այն հարցին, թե, արդյոք, պետք է հայտարարագրել 50 հազ․ դրամի կամ արտերկրից ստացված 100 դոլարի չափով դրամական փոխանցումները։
«Այս տեսակետից այս երկու գործարքները ենթակա չեն հայտարարագրման, քանի որ տեղավորվում են այս շեմում», – ասաց նա։
«Մենք փորձել ենք նայել բանկային համակարգում փոխանցումները ինչ պատկեր ունեն, և տարբեր գնահատականներով ծանրակշիռ մեծամասնությունը տեղավորվում է այդ շեմի մեջ», – ասաց Հակոբյանը։
Եկամուտների հայտարարագրման մասին
Քաղաքացիների և ռեզիդենտների համար համընդհանուր եկամուտների հայտարարագրման համակարգը Հայաստանում ներդրվել է 2023 թվականի հունվարի 1-ից երեք տարվա ընթացքում։ Նախագիծը վերջնականապես ընդունվեց խորհրդարանի կողմից 2022 թվականի դեկտեմբերին։ Ինչպես 2022 թվականի նոյեմբերին հայտարարել էր Հայաստանի այն ժամանակվա ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, հայտարարագիրը պետք է նախապես լրացվեր հարկային մարմինների կողմից։ Նախատեսվում էր, որ հարկային մարմինների տրամադրության տակ գտնվող տվյալներն ավտոմատ կերպով մուտքագրվելու են հայտարարագրում, որից հետո դրանք էլեկտրոնային փոստով կուղարկվեն, որպեսզի քաղաքացիները ծանոթանան։
Նոր կարգի համաձայն՝ բոլոր չափահաս բնակիչները պետք է հայտարարագիր ներկայացնեն։
Առաջին փուլում հայտարարագիր են ներկայացրել համայնքային կամ հասարակական պաշտոններ զբաղեցնող քաղաքացիները և նրանց ընտանիքների անդամները, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատները։
Երկրորդ փուլում՝ 2024 թվականից, հայտարարագրերը լրացվում էին մասնավոր հատվածի աշխատակիցների և քաղիրավական պայմանագրերով եկամուտ ստացած աշխատողների կողմից։
2025 թվականից հայտարարագրեր պետք է ներկայացնեն երկրի բոլոր այն ռեզիդենտ–քաղաքացիները, ովքեր ընդգրկված չեն այս երկու խմբերում։
Քաղաքացիները պարտավոր են իրենց հայտարարագրերը ներկայացնել մինչև հաշվետու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը։ Խուսափելու և ուշացնելու դեպքում տույժեր են նախատեսված՝ 50 հազար դրամ ձեռնարկատերերի համար, 5 հազար դրամ՝ մնացած քաղաքացիների համար։ ($1 - 398,84 դրամ)