ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ գործը հարուցվել է նոր տվյալների հիման վրա, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արտակ Դավթյանը։
Загружается новость ... "Лево"
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը առանձնապես խոշոր չափերով) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։ Ապրիլի 13–ին քննիչները Պողոսյանին կալանավորելու միջնորդություն են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան։ Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
«Քրեական գործով որոշում ընդունելու հիմք են դարձել փաստացի տվյալները։ Միհրան Պողոսյանի նկատմամբ քրեական գործը դադարեցվել էր, սակայն վերջերս նրան առաջադրվել է նոր մեղադրանք նոր տվյալներով, որոնք չեն եղել նախորդ քրեական գործի շրջանակում», – ասաց Դավթյանը։
Նա նաև նշեց, որ պարզվել են նոր հանգամանքներ, որոնցով հարուցվել է քրեական գործ, և հայտնվել են փաստեր, որոնք առիթ են դարձել անվավեր ճանաչել նախորդ որոշումը։
Ինչ վերաբերում է կասկածյալի հետախուզմանը, ապա, գլխավոր դատախազի խոսքով, քննչական մարմինները կարող են գործը փոխանցել մյուս երկրի գործընկերներին, իսկ օպերատիվ–հետախուզական միջոցառումների շրջանակում այլ երկրում կասկածյալի որոնման հարցը հայկական կառույցների լիազորությունների շրջանակում չէ։
Ավելի վաղ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողներին հայտնել է, որ ԱԱԾ–ին հայտնի է հետախուզման մեջ գտնվող ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը։ Միհրան Պողոսյանի գրասենյակն իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ` կոչ անելով պատկան մարմիններին հանդես չգալ թատերական հայտարարություններով։ Գրասենյակից նշել են, որ Միհրան Պողոսյանը հարուցված գործի շրջանակներում, առաջին իսկ օրվանից, տրամադրել է իր գտնվելու վայրն ու հասցեն` ք. Մոսկվա, Մոսֆիլմովսկայա 70 շենք, 1-ին կորպուս, բն 139։–0–