«Մենք չենք կոտրվել, կլինենք կապի մեջ»․ «Իմնեմնիմի» փոդքասթի կալանավորված համահեղինակ

27.03.2024, 11:47
Կալանքի տակ գտնվող հասարակական–քաղաքական գործիչ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը հայտարարել է, որ կալանքի տակ գտնվելը չի ազդի փոդքասթի աշխատանքի վրա
«Մենք չենք կոտրվել, կլինենք կապի մեջ»․ «Իմնեմնիմի» փոդքասթի կալանավորված համահեղինակ
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Կալանքի տակ գտնվող հասարակական–քաղաքական գործիչ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը հայտարարել է, որ կալանքի տակ գտնվելը չի ազդի փոդքասթի աշխատանքի վրա։

Մի քանի օր առաջ դատարանը բավարարել էր քննիչների միջնորդությունը՝ երկու ամսով կալանավորելու «Imnemnimi» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին։ Նրանք ազատազրկվել են YouTube–ով 2024թ․–ի մարտի 20–ին հեռարձակված փոդքասթի թողարկման ժամանակ «ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելու համար»։

Սաղաթելյանը նշել է, որ իր ու Նարեկ Սամսոնյանի հեղինակային «Իմնեմնիմի» փոդքասթի հանդեպ կիրառվել է ծիծաղելի հոդված՝ խուլիգանություն։

«Բիրտ անհամաչափ ու անտեղի ուժով բերման ենթարկելու ու կալանավորելու էժան քայլեր, որոնք ի ցույց են դնում կառավարության գլխի բացահայտ վախերը։ Ճղճիմ փորձ` լռեցնելու մեզ, իզոլացնելու հանրային դաշտից», – նշվում է Antifake ռեսուրսում հրապարակված Սաղաթելյանի հոդվածում, որը նա գրել է «Արմավիր» ՔԿՀ–ում։

Սաղաթելյանը վստահեցրել է, որ նույնիսկ անազատության մեջ նա և Նարեկ Սամսոնյանն օգտագործելու են բոլոր հնարավորությունները, որպեսզի իրենց ասելիքը հասցնեն լսարանին ու հանրությանը։

«Ավելին՝ մեր ընկերներն արդեն իսկ հոգ են տարել, որ «Իմնեմնիմին» չընդհատվի ու բնականոն շարունակի աշխատանքը։ Ուզում եմ, որ վստահ լինեք՝ մենք չենք կոտրվել, մենք չենք վախեցել, մենք կլինենք կապի մեջ՝ որոշ տեխնիկական դժվարություններով, բայց կապի մեջ կլինենք», – նշել է Սաղաթելյանը։–0–