Մասիս քաղաքի հիվանդանոցը կարող է լուծարվել. տեղեկությունները պարզաբանում է Առողջապահության նախարարությունը

30.01.2020, 12:37
Մասիս քաղաքի հիվանդանոցը կարող է լուծարվել. տեղեկությունները պարզաբանում է Առողջապահության նախարարությունը
Մասիս քաղաքի հիվանդանոցը կարող է լուծարվել. տեղեկությունները պարզաբանում է Առողջապահության նախարարությունը

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր «Ժամանակ» օրաթերթում հրապարակվել է հոդված Մասիս քաղաքի հիվանդանոցի լուծարման մասին։

Ինչպես նշվում է հոդվածում Առողջապահության նախարարությունը ցանկանում է կրճատել ոչ միայն գյուղական, այլ նաև քաղաքային համայնքների առողջապահական կենտրոնները`հիվանդանոցները։

«Մասնավորապես` Մասիս քաղաքի հիվանդանոցի աշխատակիցները տեղեկացվել են, որ հիվանդանոցը այս տարվա ընթացքում կարող է լուծարվել, և կգործի միայն քաղաքական պոլիկլինիկան։ Մասիսցիները կարող են օգտվել կամ Երևանի, կամ Արտաշատի հիվանդանոցների ծառայությունից», – նշում են հոդվածի հեղինակները։

Այս տեղեկությունները պարզաբանել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

««Ժամանակ» թերթը գրել է, թե «Նոր բողոքի ալիք կհասունանա. Մասիս քաղաքի հիվանդանոցը կարող է լուծարվել»։ Տեղեկացնում եմ, որ այն չի համապատասխանում իրականությանը և Մասիսի բժշկական կենտրոնի լուծարման որևէ նպատակ չկա»,  – գրել է Նիկողոսյանը Facebook–յան իր էջում: 

Նա նաև նշել է, որ կառավարության կողմից հատկացված միջոցներով ներկայումս մշակվում է նոր բժշկական կենտրոնի կառուցման նախագծա-նախահաշվային փաթեթը: 

«Կոչ ենք անում չտարածել ապատեղեկատվություն և նման հրապարակում անելուց առաջ «տեղեկությունը» ճշտել ոլորտի լիազոր մարմնից», – նշել է Նիկողոսյանը:–0–