ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից օկուպացված ՀՀ տարածքների թեմային:
«Մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ Հայաստանի Տավուշի մարզի մի շարք գյուղերի՝ Բերքաբեր գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոս և Ջրամբարի մեծ հատվածը, Պառավաքար գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոսը, Այգեհովիտ և Վազաշեն գյուղերի վարելահողերը ևս 90-ականներից մինչև հիմա օկուպացված են Ադրբեջանի կողմից», - ասել է նա
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում:
Նա ընդգծել է, որ Հայաստանը հետևողական է լինելու, որ նշված տարածքները նույնպես վերադարձվեն:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին հայտարարել է, որ վերջին մեկուկես տարում Հայաստանը երեք անգամ ենթարկվել է Ադրբեջանի ագրեսիային (2021թ.-ի մայիսի 11-ին և 14-ին և 2022թ.-ի սեպտեմբերի 13-ին), օկուպացվել է Հայաստանի 140 քառակուսի կիլոմետր ինքնավար տարածք:
Ինչպես նշել է Մարուքյանը, Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կողմնորոշվեն մի հարցի շուրջ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման գոյություն ունի՞, թե ոչ:
«Ադրբեջան 2021թ. մայիսի 12-ի և 2022թ. սեպտեմբերի 13-ի Հայաստանի դեմ սանձազերծած ագրեսիաների և Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի ժամանակ պնդել է, որ սահմանը դելիմիտացված չէ, և չկա սահման, իսկ հիմա ինչպե՞ս է պնդում, որ ադրբեջանական տարածքներ կան, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության վերահսկողության տակ։ Նման պնդում անելով՝ ադրբեջանական կողմն ընդունում է, որ գոյություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հստակ սահման», - նշել է դեսպանը:
Նրա խոսքով, պետական սահմանի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է և բխում է միջազգային իրավունքից. այն է՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահման գոյություն ունի, Ալմա-Աթայի հռչակագրի և դրան կից արձանագրությունների հիման վրա այս սահմանի ճանաչումը կողմերը վերահաստատել են 2022թ. հոկտեմբերի 7-ի Պրահայի քառակողմ հանդիպման և 2022թ. հոկտեմբերի 31-ի Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ:-0-