Մարտի 1–ի գործով հարցաքննության է հրավիրվել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Մարտի 1»-ի անջատված մասով նախաքննական մարմինը գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին (Օգանովսկուն) կրկին հարցաքննության է հրավիրել:
Ավելին, թերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՔԾ-ն ծանուցումով հարցաքննության է հրավիրել նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:
«Ժողովուրդ» օրաթերթը այս տեղեկությունը պարզելու նպատակով նախ դիմել թ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին` հարցնելով, թե արդյոք Բակո Սահակյանը ստացե՞լ է ծանուցում հարցաքննության ներկայանալու համար: Դավիթ Բաբայանը պատասխանել է, թե տեղյակ չէ:
«Թեև նախաքննական մարմինը հրաժարվեց պատասխանել` արդյոք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին կանչել են հարցաքննության, թե ոչ, արդյոք Սամվել Կարապետյանը եկել է նախաքննական մարմին և, ի վերջո, հաջողվեց արդյոք Վիտալի Բալասանյանին ՀՔԾ-ում հարցաքննել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել «Մարտի 1»-ի անջատված մասով քննությունից», – գրում է օրաթերթը:
Մասնավորապես, օրաթերթը պարզել է, թե նախաքննական մարմինը «Մարտի 1»-ի քրեական գործի անջատված մասով քննությունը կոնկրետ ինչ ուղղությամբ է տանում:
Թերթի տեղեկություններով` հարցաքննության հրավիրած անձանցից հետաքրքրվել են, թե Արցախից եկած զորամիավորումներին որտեղից և ինչ զենք են տվել, ինչ գումար են բաժանել:
«Մեզ հասած լուրերով` հարցաքննվածները նախաքննական մարմնի հարցերին պատասխանել են, թե Արցախում պայմանագրային զինծառայողներ են եղել, որոնք մարտի 1-ին 2-ին աշխատավարձ պիտի ստանային, սակայն չեն ստացել, որովհետև Երևանում ծավալված իրադարձությունների հետ կապված նրանց բերել են մայրաքաղաք: Ուստի այն գումարը, որ տվել են Երևանում, եղել է իրենց հասանելի աշխատավարձը, որը չէին հասցրել ստանալ Արցախում: Սակայն նկատենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախաքննական մարմինը փաստեր ունի, որ պայմանագրայիններին իրենց հասանելիք աշխատավարձից շատ ավելի գումար են տվել», – նշվում է հոդվածում։–0–

