ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի./Նովոստի-Արմենիա/. 2021թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 10։50-ի սահմաններում, Վայոց Ձորի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Արամայիսի Թադևոսյանը (ծնվ. 2003թ.)՝ գլխի մասում հրազենային վիրավորումով։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Թադևոսյանը մահացել է, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։
Դեպքի առնչությամբ իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվել է զոհված զինծառայողի ծառայակիցը։ Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մովսես Թադևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում