Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ նախկին պետին մեղադրանք է առաջադրվել մահակով ցուցմունք կորզելու հրապարակման առթիվ հարուցված քրգործով

21.02.2020, 19:45
Ոստիկանները տղամարդուն գցել են գետնին, գլխին անցկացրել հակագազ և ձեռքերով ու մահակով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ նախկին պետին մեղադրանք է առաջադրվել մահակով ցուցմունք կորզելու հրապարակման առթիվ հարուցված քրգործով
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Վ. Ն.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի նոյեմբերին զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը, խմբով, դիտավորությամբ կատարել է բռնությամբ և հատուկ միջոցի գործադրմամբ զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել անձի իրավունքներին ու պետության օրինական շահերին, հաղորդում է ՀՔԾ մամուլի ծառայությունը:

«Ըստ առաջադրված մեղադրանքի` Վ. Ն.-ն 2008 թվականի նոյեմբերի սկզբին` իր աշխատասենյակում, նույն բաժանմունքի ծառայողների մասնակցությամբ, բնակարանային գողության փորձ կատարելու դեպքի շուրջ զրուցել է հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման ենթարկված Արմեն Մարտիրոսյանի հետ», – նշվում է հաղորդագրության մեջ:

Վերջինիս կողմից դեպքին առնչություն ունենալու հանգամանքը հերքելուց հետո Վ. Ն.-ն և ոստիկանության մի շարք այլ ծառայողներ, գողության փորձ կատարելու դեպքը խոստովանելու պահանջ ներկայացնելով, Արմեն Մարտիրոսյանին գցել են գետնին, գլխին անցկացրել հակագազ և ձեռքերով ու մահակով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Նախաքննությունը շարունակվում է:

2019թ.–ի  նոյեմբերի 21–ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook–յան իր էջում հրապարակել էր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները, բռնի ուժ կիրառելով քաղաքացու նկատմամբ, փորձում ցուցմունք կորզել։ Թաթոյանը նշել է, որ տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ, ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–