Լսեցի, որ բժիշկն ասեց ուշ ա, տեղափոխեք զոհվածների հետ, այդ ժամանակ գոռացի՝ ես սաղ եմ. Հայրենիքի պաշտպանի հրաշք փրկության պատմությունը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայրենիքի պաշտպան, արցախյան պատերազմի մասնակից Սեյրան Սողոյանը եղել է վաշտի հրամանատարական տանկի ավագ նշանառու օպերատորը։
Սեյրանը պատմում է, որ պատերազմի հենց սկզբից ընդգրկված են եղել մարտական գործողությունների մեջ։
«Մեր ելման բնագծերը գտնվում էին Ջաբրաիլում։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 5–ին, բայց նախքան հոկտեմբերի 5–ը հոկտեմբերի 4–ը իմ համար երևի ամենադաժան գիշերներից մեկն էր։ Այդ օրը շատ մութ էր, ոչ մի բան չէր երևում, անձրև էր գալիս։ Այդ օրը կապիտան Ղազարյանի ու կապիտան Պետրոսյանի գլխավորությամբ մենք սկսեցինք տանկային կռիվ։ Նրանց կողմից (հակառակորդի, խմբգր.) մոտավորապես 100 տանկ առաջ էր գալիս, մենք երկու վաշտերով պայքարում էինք նրանց հետ», – պատմում է Սեյրանը։
Նրա խոսքով, կապիտանն անընդհատ ոգևորող խոսքեր էր ասում, ու իրենք ամեն տանկ խփելուց հետո ավելի էին ոգևորվում, բայց հակառակորդն ավելի էր շատանում։
«Այդ ժամանակ հրամանատարս տանկից դուրս եկավ, չհասկացա` ինչ եղավ։ Ես ստիպված իմ նշանառու մասնագիտությունս թողեցի, նստեցի հրամանատարի լյուկը։Իմ հրամանատարությամբ և նշանառմամբ խոցել ենք 4–5 տանկ։ Շատ ոգևորիչ էր։ Մեզ մոտ ստացվեց, իրենց առաջխաղացումը կանգնեց։ Բայց մենք նահանջ հրաման ստացանք», – պատմում է Սեյրանը։
Նա պատմում է, որ հաջորդ առավոտ առաջին հրետանային զարկից սկսվեց կռիվը։
«Ինչ տեսակի զենք ասես օգտագործում էին ու կրակում էին դիմացից, աջից ու ձախից։ Այսինքն այդ վայրից ողջ դուրս գալը անհնար էր, բայց պայքարում էինք», – նշում է Սեյրանը։
Հայրենիքի պաշտպանի խոսքով, բոլորը ուժեղ, հզոր տղերք էին, ոչ ոք հետ գնալու մասին չէր մտածում։
«Մինչև վերջ պայքարում էինք, բայց ուժերը գնալով քչանում էին։ Կռվի ընթացքում լսեցի, որ մեր վաշտից երկու տղերք վիրավոր են։ Մեկին մի ձեռքից տակ, մյուսին մյուս ձեռքիս տակ քաշել տարել եմ։ Իրենց հասցրեցի օգնեմ, իրենց փոխանցեցի հորս համարը, փոխանցեցի, որ երբ տեղ հասնեն, զանգեն, ասեն, որ իրենց շատ եմ սիրում, որովհետև մտածում էի, որ ընտեղից ողջ դուրս չեմ գա», – հիշում է Սեյրանը։
Նորօրյա հերոսը նշում է, որ հակառակորդի հերթական առաջխաղացման ժամանակ հրամանատարներից մեկին առաջարկեցին տանկերով կռիվ սկսել։
«Նա ասաց, որ շատ վտանգավոր է, քանի որ նրանք հակատանկային միջոցներ ունեն, բայց ես ռիսկի դիմեցի։ Մոտեցա տանկին, տանկը շատ վատ դիրքի վրա էր կանգնած, նշանառման տակ էր, հենց բարձրացա, փորձեցի նստեմ, այդ ժամանակ վիրավորվեցի։ Զգացի, որ ոտքերս թուլացավ։ Այդ ժամանակվանից սկսած զգացողությունը կորավ։ Այդ ժամանակ միանգամից ինձ հասցրեցի ներս գցել։ Քանի որ հարվածը նաև թոքիս էր, բերանս էլ արյուն էր լրիվ, չէի կարողանում գոնե գոռալ, օգնություն խնդրել։ Այդ ժամանակ ձեռքիս տակ երկաթ կար, երկաթով խփեցի կողքինիս ուսին, ինքը տեսավ, որ օգնության կարիք կա, շուտ հանեցին տանկի միջից, որովհետև սկսել էին արդեն տանկին կրակել։ Հանեցին, զգացի, որ գետնին եմ արդեն ու աչքերս փակվեցին, հետո լսեցի, որ բժիշկներից մեկն ասեց` ուշ ա, ասեցին` իրեն տեղափոխեք զոհվածների հետ, այդ բառը լսելուց գոռացի` ես սաղ եմ։ Այդքան բան եմ ասել ու էլ չէի կարողանում խոսել», – հիշում է հերոսը։
Նա պատմում է, որ արթնացել է միայն «Էրեբունի» հիվանդանոցում։ Վիճակը եղել է ծայրահեղ ծանր, հիմա բժիշկների շնորհիվ վերադառնում է կյանք։
Սեյրանը կյանքի հետ կապված մեծ պլաններ ունի, ուզում է օրգանական ելակի ջերմոց բացել։ Այս պահին բուժվում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում։–0–

