Լավաշի արտադրամասի գործունեություն է կասեցվել

17.05.2024, 16:07
Լավաշի արտադրամսի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ
Լավաշի արտադրամասի գործունեություն է կասեցվել
ԵՐԵՎԱՆ, 17մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժնի տեղուչները ստուգում են իրականացրել Ա/Ձ Վիգեն Առաքելյանին պատկանող լավաշի արտադրությունում (Կոտայքի մարզ, ք. Հրազդան), հաղորդում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Ստուգման արդյունքում հայտնաբերել են հետևյալ խախտումները՝

- արտադրական շինությունները ապահովված չեն եղել կենդանիների և կրծողների ներթափանցումից,
- շինությունների մակերևույթներն ապահովված չեն եղել բորբոսի և կեղտի առաջացումից ու կուտակումից,
- պատերի և հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող ախտահանվող նյութերից,
- առաստաղների որոշ հատվածներում ծեփերը թափված են եղել , ինչի արդյունքում չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը
- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր.
- արտադրական շինությունների դռները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
- սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ լավաշի արտադրամսի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։