Լավ, ոնց կարող է Երևանում ավելի ցուրտ լինել քան Արագած լեռան գագաթին․ Սուրենյանը՝ ՀՀ–ի որոշ շրջաններում ինվերսիոն շերտի մասին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Վերջին օրերին Երևանում գիշերը ընդամենը -2․․․-4, ցերեկը 0+2 աստիճան է։ Զգացողական ցուրտը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ, հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Լավ, ոնց կարող է Երևանում ավելի ցուրտ լինել քան Արագած լեռան գագաթին։ Հասկացանք ինվերսիա, բայց այս տեսակի․․․», – գրել է Սուրենյանը։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնել էր, որ վերջին օրերին, հանրապետությունում գործող հզոր անտիցիկլոնի ազդեցության գոտում, ինվերսիոն շերտ է առաջացել ծովի մակերևույթից 1500-2000մ բարձրություններում (բարձրացած ինվերսիա), որն ընդգրկում է Շիրակի և Արագածոտնի մարզերը, Արարատյան դաշտը իր նախալեռնային գոտով և Վայոց ձորի նախալեռնային հատվածները։
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում են ջերմաստիճանային ինվերսիաներ (երբ ըստ բարձրության նկատվում է ջերմաստիճանի աճ), որն ուղեկցվում է ցածր հարկի ամպամածությամբ և մառախուղներով։
Հանրապետությունում ինվերսիոն շերտի առկայության պայմաններում, միաժամանակ շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը, ինչի արդյունքում ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում, որը 1600-2000մ բարձրություններում արտահայտվում է խիտ մառախուղի, իսկ ավելի ցածր բարձրություններում` ամպամածության տեսքով։
Այս երևույթով պայմանավորված հանրապետության տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն։