ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի կենտրոնում կրկին կազմակերպվել է բողոքի ակցիա` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Քաղաքացիները փակում են մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, ոստիկանությունը փորձում է կանխել նրանց գործողությունները։
Ակցիայի մասնակիցները փորձել են փակել Մաշտոցի պողոտան։
Ոստիկանները բերման են ենթարկել պողոտայի երթևեկելի հատվածի երկայնքով կանգնած քաղաքացիներին։ Ցուցարարներից ոմանք բարձրացել են տրոլեյբուսի վրա, նրանց հետևից բարձրացել են ոստիկաններն ու բերման ենթարկել ցուցարարներին։
Բախումներ եղան նաև ոստիկանների և լրագրողների միջև, օպերատորներից մեկին փորձեցին բերման ենթարկել, սակայն ավելի ուշ բաց թողեցին։ Երևանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանը նշեց, որ դա պատահմամբ է տեղի ունեցել։
Загружается новость ... "Лево"
Ակցիայի անցկացման վայր են բերվել տասնյակ ոստիկաններ։ Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ «նրանք կամ պետք է բոլորին բերման ենթարկեն կամ համակերպվեն, որ իրենց մնացել են հաշված ժամեր»։
Ցուցարարների մի մասը երթով շարժվեց դեպի կառավարության շենք, որտեղ, նրանց խոսքով, ակցիան կավարտվի։
Նախօրեին Երևանի կենտրոնում կրկին տեղի են ունեցել բախումներ ոստիկանների և քաղաքացիների միջև, ովքեր դուրս էին եկել բողոքի ակցիայի` Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ինչպես հայտարարել էր ակցիային մասնակցող իրավապաշտպան, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը, ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում այն պայմաններում, երբ դատարանը վերացրել է խաղաղ հավաքների անցկացման արգելքը, և քաղաքացիների բերման ենթարկելն անօրինական է։–0–