«Կխփեմ ուշքդ կեթա». ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գևորգ Պետրոսյանի մասնակցությամբ միջադեպից (ՎԻԴԵՈ)
15:54
13 Մարտի 2023
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ` կապված ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետ։
Մարտի 11-ին՝ ժամը 21:00-ի, սահմաններում, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները Աբովյան-Երևան ավտոճանապարհին նկատել են «Մերսեդես» մեքենա, որի վարորդը մեքենան վարել է անկանոն, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում «Մերսեդեսի» վարորդը չի ենթարկվել պարեկների բարձրախոսով հնչեցրած «կանգ առ» օրինական պահանջին և շարունակել է մեքենան անկանոն վարել:
Պարեկները հետապնդել են նրան, ինչի ընթացքում ևս մի քանի անգամ հնչեցրել են «կանգ առ» օրինական պահանջ: Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում մեքենան հարկադրաբար կանգնեցվել է:
Վարորդը հնչեցրել է սպառնալիքներ և դիմել փախուստի: Շարունակելով հետապնդումը՝ պարեկները նույն փողոցում կրկին հարկադրաբար կանգնեցրել են մեքենան:
Վարորդը հրաժարվել է ենթարկվել սթափության աստիճանի ստուգումից և սպառնացել է պարեկներին:
Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ինչպես հայտնել է Պետրոսյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը, Գևորգ Պետրոսյանը քննիչի որոշմամբ ձերբակալումից ազատ է արձակվել։
«Գոնե ինձ համար տեսանելի է, որ կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածը չի հաստատվում», – նշել է փաստաբանը։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–