ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրվի մինչև տարեվերջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն` ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Լուսինե Բադալյանի հարցին:
Բադալյանը հետաքրքրվել է, թե ո՞ր փուլում են այս պահին բանակցությունները, արդյոք մինչև այս տարվա վերջ հավանական է խաղաղության պայմանագրի կնքումը: Պատգամավորը նաև մեջբերել է լրագրողների պարբերաբար հնչող հարցը՝ արդյոք իսկապես հավանական է խաղաղության պայմանագիրը, որքանո՞վ է այդ պայմանագիրը նշանակում բարեկամություն թշնամիների հետ:
«Անկեղծ պետք է ասեմ՝ ես ցանկանում եմ և կցանկանամ, որ այն կնքվի մինչև այս տարեվերջ: Ինչքանով է դա իրատեսական. ես այդ հարցին կպատասխանեմ հետևյալ կերպ՝ ես և կառավարությունը բոլոր հնարավոր ջանքերը կգործադրենք, որ դա լինի իրատեսական: Մենք հույս ունենք, և դա կարևոր նրբություն է, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները: Ինչքանով է դա իրատեսական. եթե հաշվի առնենք, որ Պրահայում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ դա տեղի է ունենալու 1991 թվականի սահմանների հիման վրա, դա կարող է լինել իրատեսական, քանի որ այդ սահմաններն ըստ էության հայտնի են», - ասել է Փաշինյանը:
Վարչապետը շատ է կարևորել, որ միջազգայնորեն տեսանելի երկխոսություն սկսվի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև: Սա շատ կարևոր հանգամանք է, ու ԼՂ հայության իրավունքների և պաշտպանության որոշակի տեսանելի մեխանիզմներ պետք է լինեն:
«Թշնամանքը և ընդհանրապես իրավիճակը պետք է կառավարվի, քանի որ, երբ դա կառավարելի չէ, կարող է բերել միայն վնաս: Մնացածը, ավելի բարձր հայտարարություններ, ցավոք, կամ բարեբախտաբար, չեմ կարող անել: Բայց, որ ամեն ինչը պետք է կառավարվի, այդ թվում` թշնամանքը, դա ինձ համար փաստ է»,-ասել է վարչապետը:-0-