Կատվին տանջամահ արած տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը․ ՔԿ–ն մանրամասներ է հայտնում (ՎԻԴԵՈ)

31.10.2024, 15:43
Կատվին տանջամահ արած 51–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկալացվել․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Կատվին տանջամահ արած տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը․ ՔԿ–ն մանրամասներ է հայտնում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ավշար բնակավայրի 51–ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել կատվի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու համար։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ սոցցանցերում հայտնվել է սարսափելի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տանջամահ անում կատվին։ 

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, տղամարդը ձերբակալվել է։ 

Կենդանասերների խոսքերով, չնայած կատվին տանջամահ անելու կադրերը մեծ տարածում են գտել վերջերս, սակայն անձն այն հրապարակել է օգոստոսին։ 

Հոկտեմբերի 29–ի գիշերը տղամարդը ձերբակալվել է։ Կենդանասերներն այցելել են այդ մարդու բնակության հասցե։ Ասում են՝ տանը մարդ չի եղել։ 

Ինչպես նշում է «Դինգո» ՀԿ–ի համակարգող Գոհար Մանուշակյանը, հարևանների մեծ մասը շփում չունի այդ ընտանիքի հետ։ 

«Ոչ մի դրական բան չասացին։ Իհարկե, շատ զուսպ էին, բացասական ևս ոչինչ չէին ասում, բայց մարդկանց վերաբերմունքից պարզ էր դառնում։ Հարևաններից մեկն ասաց, որ եթե մարդը նույնիսկ այդ տղամարդու աղունիկների մասին թեթև ինչ–որ բան ասի, որ իր դուրը չգա, դա դառնում էր կռիվ–պատերազմ», – նշում է Մանուշակյանը։ 

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ խմբի կազմում կենդանիների նկատմամբ առանձնակի դաժան վերաբերմունք դրսևելու համար։ Տուգանքից մինչև երեք տարի ազատազրկում է նախատեսվում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։ 

Ինչպես նշում է Քննչական կոմիտե նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, քննության արդյունքում քրեական հետապնդում է հարուցվել տվյալ անձի նկատմամբ այն բանի համար, որ վերջինս Ավշար բնակավայրի տներից մեկում իր կողմից պատրաստված՝ կենդանիներ որսալու վանդակի միջոցով բռնել էր կատվին, որը մինչ այդ իր հինգ աղավնիներին էր կերել։ 

«Այս պահին դեռևս չպարզված անձի հետ խմբի կազմում առանձնակի դաժանություն է դրսևորել կատվի նկատմամբ, մասնավորապես, երկու ձողերի միջոցով հարվածներ են հասցրել կատվի գլխին, մարմնի այլ հատվածներին», – նշում է Աբրահամյանը։ 

Տղամարդն ընդունել է իր կողմից նման արարք կատարելու փաստը, հայտնել, որ զղջում է դրա համար։ 

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և անձն ազատ է արձակվել արգելանքից։