Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15–րդ միջոցառումը

30.04.2020, 14:31
Կառավարությունն այսօր հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15–րդ միջոցառումը
Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15–րդ միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Կառավարությունն այսօր նիստի ժամանակ հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառումը։

15–րդ միջոցառման նպատակն է կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած բնակչությանը ծառատնկման աշխատանքներ կատարելու դիմաց վճարի տրամադրումը։

Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակների կտրոնների միջոցով գետերի հովիտներում հիմնել ափապաշտպան անտառաշերտեր՝ աշխատանքներում լայնորեն ներգրավելով տեղական բնակչությանը և այդպիսով ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր, մեղմել բնակչության եկամուտների կրճատման հետ կապված վտանգները։

Загружается новость ... "Лево"

Աշխատանքները ներառում են ծառատնկման ենթակա գետերի համար քարտեզագրված հատվածներում տեղում աճող տեղական տեսակների ուռենու կտրոնների պատրաստման և տնկման, ինչպես նաև ցանկապատման աշխատանքներ։

Միջոցառման շահառու են Հայաստանի Հանրապետության այն բնակիչները, որոնք կմասնակցեն, շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվող գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներին։

Աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը կազմում է մոտ 200մլն դրամ։

Ծառատնկման աշխատանքներին մասնակցած բնակիչներին կտրամադրվի 50 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար։ Աշխատանքներն ամբողջությամբ կհամակարգվեն Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և վերոնշյալ հիմնադրամների կողմից։ Բնակչությունը կներգրավվի նաև ցանկապատման աշխատանքներին։

Համավարակի պատճառով բարդ դրության մեջ հայտնված ձեռներեցներին և քաղաքացիներին աջակցելու նպատակով իշխանությունները հաստատել էին կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14 միջոցառում։ Դրանցից վեցը վերաբերում է տնտեսական աջակցությանը բիզնեսին (գյուղատնտեսություն, տուրիզմ, ՓՄՁ, միկրոբիզնես և այլ ոլորտներ), իսկ ութը բնակչության տարբեր խմբերին տրամադրվող սոցիալական աջակցությունն է։ Միաժամանակ վեց ծրագրերով դրամական միջոցները քաղաքացիներին փոխանցվելու են ավտոմատ` վճարված հարկերի մասին տվյալների հիման վրա, այս մեխանիզմը գործելու է նաև կոմունալների և պետական նպաստների մասով։–0–