Կառավարության շենքի մոտ հանրահավաք է․ պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը

29.01.2024, 15:15
Ցուցարարները պահանջում են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը
Կառավարության շենքի մոտ հանրահավաք է․ պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Երևանի կենտրոնում՝ կառավարության շենքի մոտ, որտեղ գտնվում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, անցկացվում է հանրահավաք՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականի պահանջով։ Ցուցարարներն անհրաժեշտ են համարում դպրոցական ծրագրից հանել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» նոր դասագիրքը (որում, ըստ մասնագետների, խեղաթյուրված են պատմական կարևոր փաստեր, խմբ.):

«Այս դասագիրքը վիճահարույց է, և դրանից պետք է հրաժարվել»,- հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հայկական դեմոկրատական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանը։ Ըստ նրա՝ նախարարությունը համառորեն անտեսում է մասնագիտական հանրության համապատասխան պահանջները։

Ցուցարարները Կրթության նախարարություն են ներկայացրել Անդրեասյանի հրաժարականի դիմումի նմուշը։ «Եվ եթե նա դա չանի, մենք կսկսենք հետևողական գործողություններ, որպեսզի հասնենք նրա հրաժարականին։ Մենք կատակ չենք անում և գնալու ենք մինչև վերջ։ Չի կարելի մի ամբողջ սերունդներին սովորեցնել կեղծված դասագրքերով, որոնք պատվիրվել են Թուրքիայի կողմից»,- ընդգծել է ակտիվիստը՝ զգուշացնելով հունվարի 31-ին հերթական բողոքի ակցիան անցկացնելու մտադրության մասին։

Ավելի վաղ մի շարք փորձագետներ քննադատել են 7-րդ դասարանի հայոց պատմության նոր դասագիրքը։ Նրանք, մասնավորապես, վրդովված են, որ դասագրքում Արցախը նշվում է Ադրբեջանի սահմաններում, թեև պատմական իրադարձություններ են նկարագրված Տիգրան Մեծ օրոք (Ք.ա. 140-55 թթ.): Իսկ դասագրքի հեղինակները կարծում են, որ աշակերտներին հնարավորություն է տրվում «քարտեզի վրա միաժամանակ տեսնել Տիգրան Մեծի ժամանակաշրջանի աշխարհի և ժամանակակից աշխարհի պատկերը»։–0–