Կարանտինի իրավական ռեժիմը երկարաձգելիս կրկին կլինեն թուլացումներ. Թորոսյան

09.01.2021, 23:13
Կարանտինի իրավական ռեժիմը երկարաձգելիս կրկին կլինեն թուլացումներ. Թորոսյանն անդրադարձել է երկրում կարանտինի ռեժիմի երկարաձգման հետ կապված իրավիճակին
Կարանտինի իրավական ռեժիմը երկարաձգելիս կրկին կլինեն թուլացումներ. Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ կարանտինի իրավական ռեժիմը երկարաձգելիս կրկին կլինեն թուլացումներ։ 

«Առաջին հերթին ուզում եմ հիշեցնել, որ մեր երկրում «կարանտինային ռեժիմը» գործում է դեռ 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, որը հաջորդել է մինչ այդ գործող «արտակարգ դրության ռեժիմին»: Այդ իրավական ռեժիմի շնորհիվ է, որ հնարավոր է եղել մինչ օրս կիրառել բազմաթիվ հակահամաճարակային կանոններ, որոնք էլ ապահովում են համաճարակային վիճակի հարաբերականորեն կառավարելի վիճակը երկրում», – նշել է Թորոսյանը Facebook–յան իր էջում:

Անդրադառնալով «կարանտինային ռեժիմը չերկարացնելու» կոչերին, այն համատեքստում, որ այդ իրավական ռեժիմն է պատճառը բազմաթիվ տնտեսական դժվարությունների, առողջապահության նախարարը հարց է տվել բազմաթիվ նման պնդում անողներին. 

«Կարանտինի իրավական ռեժիմն է արդյո՞ք տնտեսական դժվարությունների պատճառը, թե կորոնավիրուսային համաճարակը, որի դեմ կոչված են պայքարել «կարանտինի իրավական ռեժիմի» շրջանակներում գործող կանոնները:

Պատասխանը, շատ փոքր բացառություններով հետևյալն է. տնտեսական դժվարությունների պատճառը համաճարակն է, որը հանգեցրել է բազմաթիվ խոչընդոտների տրանսազգային բեռնա և ուղևորափոխադրումների հարցում, զբոսաշրջության հարցում, բազմաթիվ երկրներում տարբեր հումքային արտադրությունների սահմանափակումների պատճառով այլ երկրներում նույնպես արտադրությունների սահմանափակումների և այլն», – նշել է նա` ավելացնելովր ո, ամբողջ աշխարհում գործող հակահամաճարակային միջոցառումներն են, որ պայքարելով համաճարակի դեմ, բերելու են տնտեսությունների ակտիվացման և ոչ թե` հակառակը: 

«Հետևաբար, կոչ եմ անում օրակարգերը չձևախեղել և ջանք թափել իրական պատճառների դեմ պայքարի վրա: Պարզապես անթույլատրելի է պատճառ-հետևանքային կապերի կամա թե ակամա ձևափոխումը: Կարանտինի իրավական ռեժիմը չէ տնտեսական դժվարությունների պատճառը. այն պատճառի դեմ պայքարի գործիքն է», – ընդգծել է նա: 

Թորոսյանը նաև նշել է, որ որոշ բացառությունների գծով կառավարությունը դեռ 2020 թվականի գարնանից գնացել է թուլացումների և հիմա էլ «կարանտինի իրավական ռեժիմը» երկարաձգելիս կրկին կլինեն թուլացումներ, որոնց մասին կտեղեկացվի մոտ օրերս: 

«Հատուկ ուզում եմ անդրադառնալ տարբեր երկրների կողմից Հայաստանից ուղևորներ չընդունելու կամ Հայաստանը զբոսաշրջության համար ոչ անվտանգ երկիր համարելու հանգամանքին: Դա կրկին պայմանավորված չէ «կարանտինի իրավական ռեժիմով», ինչպես ժամանակին պայմանավորված չէր «արտակարգ դրության ռեժիմով»: Այդ հարցը կապված է համաճարակային իրավիճակի հետ, երբ մեր երկրում օրական դեռ արձանագրվում է կովիդի մոտ 300 նոր դրական դեպք: Այստեղ կրկին, պետք է տարբերակել պատճառը հետևանքից: Ամփոփելով, ուզում եմ բոլորիդ առողջություն մաղթել և կրկին կոչ անել` պահպանել բոլոր հակահամաճարակային կանոնները», – եզրափակել է առողջապահության նախարարը:–0–