Կա վարկած, որ շատ է եղել արտաքին ճնշումը․ Պապիկյանը՝ ձնահյուսի հետևանքով զինծառայողի մահվան մասին (ՎԻԴԵՈ)

17.01.2024, 19:51
Պապիկյանն անդրադարձել է հունվարի 13–ին ձնահյուսի հետևանքով զինծառայողի մահվան թեմային․ ՎԻԴԵՈ
Կա վարկած, որ շատ է եղել արտաքին ճնշումը․ Պապիկյանը՝ ձնահյուսի հետևանքով զինծառայողի մահվան մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ընթացքում անդրադարձել է հունվարի 13–ին ձնահյուսի հետևանքով զինծառայողի մահվան թեմային։

Նա նշել է, որ այդ օրը պետք է զորացրվեր 5 զինծառայող, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով այդ զինծառայողներից 4–ը շարունակել են մնալ իրենց դիրքերում, միայն երկու օր անց է հնարավոր եղել նրանց իջեցնել դիրքերից և պատշաճ զորացրել։

«Կա վարկած, որ շատ է եղել արտաքին ճնշումը։ Եղել է այնպես, որ մի խումբ հատուկ տեխնիկայի միջոցով գնացել է ընդառաջ զինծառայողին, սակայն եղանակային պայմանները թույլ չեն տվել, որ նրանք մոտենան դիրքին, զինծառայողը եկել է նրանց ընդառաջ, բայց ձնահյուսի հետևանքով տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել», – ասաց Պապիկյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ:

Հունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում Ցղունի գյուղի վարչական տարածքում ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառայող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․)։–0–