«Կա գաղտնի փաստաթուղթ, ըստ որի ի վնաս Հայաստանի որոշվում են Սյունիքի սահմաններն ու նրանով անցնող կոմունիկացիաները». Վազգեն Մանուկյանը հանրահավաքի է կանչում
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ընդդիմության կողմից ներկայացված վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը վաղը հանրահավաք է հրավիրել։
Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ։
«Երեկ նաև հայտնի դարձավ, որ կա գաղտնի փաստաթուղթ, ըստ որի ի վնաս Հայաստանի որոշվում են Սյունիքի սահմաններն ու նրանով անցնող կոմունիկացիաները: Ի՞նչ այլ գաղտնի և անօրինական փաստաթղթեր կան ստորագրված, դեռևս պարզ չէ:
Կանցնի ժամանակ, և ինչպես 2020 թ. նոյեմբերի 9-ի գիշերը, մի օր կարթնանանք ու կպարզենք, որ այլևս չունենք Սյունիք:
Հիշեք՝ պատերազմից հետո՝ հոկտեմբերի 8-ին, կառավարությունն ընդունեց որոշում, որով արգելեց իրականությունն ասելու իրավունքը: Արդյունքում 44 օր մեզ խաբեցին, իսկ ճշմարտությունն ասողներին սկսեցին հետապնդել ու քարկոծել: 2020 թ. նոյեմբերի 9-ի գիշերը պարզվեց, որ մեր թիկունքում ստորագրվել է կապիտուլյացիոն փաստաթուղթ: Դա սարսափելի հարված էր մեր ժողովրդի համար, որին 44 օր խաբում էին, թե հաղթում ենք:
Այժմ մենք չունենք մեր հայրենիքի մի զգալի մասը, ունենք 5000-ից ավելի զոհ, 10 հազարից ավելի վիրավոր, հարյուրավոր գերիներ, անհետ կորածներ: Չունենք նաև բանակ, իսկ այն, ինչ մնացել է բանակից, ամեն օր ապացուցում է, որ գոյություն չունի:
Հայաստանն ամեն օր փոքրանում է, մեր տարածքները տնօրինում են օտարները: Իրավիճակը փոխելու ճանապարհին մենք համոզվեցինք, որ չունենք ոստիկանություն, քանի որ այն, ծառայելով այսօրվա իշխանությանը, ծառայում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերին:
Այն ամենն, ինչ մեր նախնիները հսկայական ջանքերի և զոհերի գնով ժառանգել են մեզ, կորցրեցինք և շարունակում ենք կորցնել՝ բութ անտարբերությամբ տարված մեր կյանքի մանրուքներով ու բամբասանքներով:
Սիրելի՛ ժողովուրդ, քեզ հիպնոզացրել են:
Ապագա սերունդներն անիծելու են մեզ: Մենք թողնելու ենք ժողովրդի մի ստրկացած հատված այս տարածքում, որը դեռ կոչվում է Հայաստան, իսկ մնացածը ցրվելու են աշխարհով մեկ՝ դառնալով պանդո
Արթնացի՛ր, ժողովուրդ, համարձակվի՛ր երկրի ապագան վերցնել քո ձեռքը, հակառակ դեպքում այն կվերցնեն Թուրքիան ու Ադրբեջանը՝ այս իշխանությունների ձեռքով:
Մի՛ սպասեք քաղաքական կուսակցությունների քայլերին: Բոլոր ազգային քաղաքական ուժերը ձեր կողքին են, բայց դո՛ւք եք որոշում երկրի ապագան:
Կո՛չ եմ անում վաղը՝ փետրվարի 12-ին, ժամը 15:00-ին, հավաքվել Ազատության հրապարակում և որոշել մեր անելիքը: Մեր աչքի առաջ մենք կորցնում ենք մեր Հայրենիքը»։–0–
