ԿԽՄԿ–ի ներկայացուցիչները Բաքվում այցելել են գերեվարված հայերին

04.11.2021, 10:56
Գերիներին տրվել է հնարավորություն՝ փոխանակվելու ընտանեկան բնույթի տեղեկություններով, լուրերով. օգտագործվել են Կարմիր խաչի նամակներ, տեսագրված ուղերձներ և հեռախոսազանգեր
ԿԽՄԿ–ի ներկայացուցիչները Բաքվում այցելել են գերեվարված հայերին

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերեվարված և պատանդառված հայերին: Կառույցի պատվիրակները ծանոթացել են նրանց պահման պայմաններին, օգնել են կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հաղորդում է lurer.am–ը:

Կարմիր խաչի ներկայացուցիչ Զառա Ամատունին հայտնել է, որ կոմիտեի անդամները պարբերաբար տեսակցում են բոլոր այն անձանց, որոնց գերության փաստը պաշտոնապես հաստատված է: Բաքուն այս պահին հաստատում է 40 անձի Ադրբեջանում գտնվելու հանգամանքը: 

«Անձանց տրվել է հնարավորություն՝ փոխանակվելու ընտանեկան բնույթի տեղեկություններով, լուրերով. օգտագործվել են Կարմիր խաչի նամակներ, տեսագրված ուղերձներ և հեռախոսազանգեր: Մենք չենք կարող հրապարակել այն մարդկանց թիվը, որոնց մենք տեսակցում ենք գերեվարման ընթացքում, սակայն այդ ողջ ժամանակահատվածում կարող եմ հաստատել, որ յուրաքանչյուրի ընտանիքի հետ մենք կապի մեջ ենք»,- ասել է Զառա Ամատունին:–0–