ԿԳՆ–ն պարզաբանում է դպրոցներում ջերմային ռեժիմի հետ կապված իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ուսումնական հաստատություններում ջերմային ռեժիմի ապահովման պատասխանատուն տնօրենն է, նշված է ՀՀ կրթության և գիտության նախարարության Facebook–յան էջում։
«Հաշվի առնելով եղանակային պայմանները, ինչպես նաև դպրոցների ջեռուցման վերաբերյալ ստացվող ահազանգերը` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ ուսումնական հաստատություններում ջերմային ռեժիմի ապահովումը հաստատության տնօրենի պարտականությունն է», – նշված է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ, գերատեսչությունը նշում է, որ ՀՀ ԿԳ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզպետերանների կողմից ջեռուցման ժամանակաշրջանի որևէ սահմանափակում չկա:
«Ուսումնական հաստատության ջեռուցումն իրականացվում է ըստ անհրաժեշտության` ՀՀ առողջապահության նախարարի 28.03.2017թ. հրամանով հաստատված սանիտարական կանոններով և նորմերով սահմանված պահանջներին համապատասխան», – նշվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ վերջին օրերին հատկապես մարզերում գրանցվում է ցածր ջերմաստիճան, սակայն որոշ դպրոցներում արդեն հասցրել են անջատել ջեռուցումy, և ծնողները բողոքում են դպրոցներում գրանցվող ցածր ջերմաստիճանի կապակցությամբ։–0–

