Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրենի ԺՊ–ն նշանակվել է առանց կոլեկտիվի համաձայնության

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում Երևանի քաղաքապետի կողմից տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Քրիստինե Դումանյանը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը և անդրադառնալով քննադատություններին՝ հայտարարել է, որ այս գործընթացը չի ենթադրում որևէ մեկի կարծիք լսել, հաղորդում է tert.am–ը։
«Քաղաքապետի որոշումն է։ Աշխատանքային գործընթաց էր, որևէ քննադատություն չի եղել։ Ընդունման-հանձնման նախնական փուլն է։ Դպրոցը չուներ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, պարտականությունները կատարումը վերապահված էր աշխատակիցներից մեկին՝ Լարիսա Մովսիսյանին, նա առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ աշխատանքի։
Անհրաժեշտություն էր առաջացել նշանակել ժամանակավոր պաշտոնակատար»,- ասել է նա:
Նա նշել է, որ չի մեկնաբանելու շրջանառվող լուրերը, թե պատկան մարմիններն են իրենց նախընտրած թեկնածուին նշանակել։
«Նշանակումը կապ չունի շրջանառվող լուրերի հետ: Չեմ էլ պատրաստվում մեկնաբանել դրանք՝ կասկածի տակ դնելով պետական այլ մարմինների աշխատանքը: Հետևանք կար, տարբեր պատճառներից ելնելով, անհրաժեշտություն առաջացավ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու»,- նշել է նա:
Իսկ թե ինչու դպրոցից չեն նշանակել տնօրենի ԺՊ, նա ասել է՝ տարբեր պատճառներից ելնելով և հրաժարվել նշել այդ պատճառներից գոնե մեկը:
«Հայտնի իրադարձություն է տեղի ունեցել դպրոցում, նպատակահարմար չեմ գտնում այդ մասին խոսել, քանի որ կարող ենք որոշակիորեն ինչ-որ ազդեցություն ունենալ նախաքննության վրա: Չեմ կարող թաքցնել, որ արդեն երկարում էր դպրոցի տնօրենի ընտրությունը և տնօրենի նշանակումը, բայց իրադարձություններն առաջ ընկան ու այս դեպքից հետո հապաղելու տեղ չկա»,- ասել է նա։
Իսկ թե ինչու է ընտրությունը կանգ առել հենց Քրիստինե Դումանյանի վրա, նա արձագանքել է․ «Չի մեկնաբանվում: Թեկնածու է, կարծել ենք, որ համապատասխանում է, ավելին ասեմ՝ սա չի նշանակում, որ վերջնական տնօրեն է նշանակված»:
Նա նաև տեղեկացրել է, որ նախկինում նշանակված ԺՊ-ն չի մասնակցել դպրոցի տնօրենի ԺՊ-ի ընտրություններին:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ դպրոցի ուսուցիչներից մեկը հրապարակայնորեն ձերբակալվել էր աշակերտի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով։ Նա կալանավորվել է։
Կարդացեք նաև՝ «ԿԳՄՍՆ–ն մտահոգիչ է համարում Երևանի դպրոցում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած ԱԱԾ հատուկ գործողությունը (ՎԻԴԵՈ)»