ՃՈ–ն պարզաբանում է ծածուկ ծառայության իրականացումը (ՎԻԴԵՈ)
12:18
14 Մայիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Օրեր առաջ հայտարարություն էր տարածվել, որ ճանապարհային ոստիկանությունն իրականացնելու է նաև ծածուկ ծառայություն, ինչը ենթադրում է՝ ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող ծառայություն` գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմոբիլներով, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Загружается новость ... "Лево"
Հայտարարությունը հասարակության որոշ շրջանակներում և համացանցում անհարկի շահարկումների տեղիք է տվել և առաջացրել որոշակի անհանգստություն։
Ոստիկանությունից պարզաբանում են, որ նշված ծառայությունը ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ և միտումնավոր խախտող, այսպես ասած՝ դրիֆտեր իրականացնող, հանդիպակաց երթևեկության գոտի դուրս եկող, երթևեկության մյուս մասնակիցների հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող, նրանց կյանքին ու առողջության համար վտանգավոր խախտումներ կատարող վարորդներին և այլ կոպիտ խախտումներ հայտնաբերելու համար է։
Այսինքն՝ ճանապարհապարեկային ծածուկ ծառայությունն իրականացվելու է կոնկրետ վայրերում կոնկրետ խախտումներ հայտնաբերելու համար, ինչը միտված է անվտանգ երթևեկության ապահովմանը։
«Երթևեկության բոլոր մասնակիցներին կրկին կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–