Ի՞նչ վնասվածքներ են եղել Երևանի դպրոցներում և մանկապարտեզներում երկրաշարժի հետևանքով, ԱԻՆ– ի մասնագետներն այցելել են կրթական հաստատություններ (ՎԻԴԵՈ)

15.02.2021, 16:16
Ի՞նչ վնասվածքներ են եղել Երևանի դպրոցներում և մանկապարտեզներում երկրաշարժի հետևանքով, ԱԻՆ– ի մասնագետներն այցելել են կրթական հաստատություններ. ՎԻԴԵՈ
Ի՞նչ վնասվածքներ են եղել Երևանի դպրոցներում և մանկապարտեզներում երկրաշարժի հետևանքով, ԱԻՆ– ի մասնագետներն այցելել են կրթական հաստատություններ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Երևանի տարբեր վարչական շրջաններում գտնվող 13 մանկապարտեզի և 14 դպրոցի շենքեր ուսումնասիրության են ենթարկվել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ–ը:

Загружается новость ... "Лево"

Երևանի փրկարարական վարչության օպերատիվ խումբը փ/ծ գնդապետ Առնոլդ Հարությունյանի գլխավորությամբ, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի 8 աշխատակից և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են այն կրթական հաստատություններ, որտեղ երկրաշարժից հետո որոշակի խնդիրներ են նկատվել: Ուսումնասիրություններն արվել են, որպեսզի տրված մասնագիտական կարծիքից հետո դպրոցներն ու մանկապարտեզները սահմանված ժամանակացույցով կարողանան հանգիստ ընդունել երեխաներին:

«ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետն արձանագրել է, որ Երևանի դպրոցներում և մանկապարտեզներում երկրաշարժի ազդեցությունը զգացվել է միայն ծեփամածիկի վրա առկա ճաքերի առաջացման տեսքով, ուստի հավաստիացրել է, որ շահագործման համար անվտանգ են», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ավելի քան 3000 տարաբնույթ ահազանգ է ստացել։ Երկրաշարժից հետո փլուզումների վերաբերյալ ստացված և հաստատված ահազանգերից համեմատաբար զգալի վնասներ են գրանցվել Երևանի Այվազովսկու փողոցում, որտեղ մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ հատված է փլուզվել, Սմբատ Զորավարի փողոցում շենքի պատից 2 քմ է փլուզվել:

Հիշեցնենք, որ փետրվարի 13–ին տեղական ժամանակով ժամը 15։29–ին երկրաշարժ է գրանցվել Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ։

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

Փետրվարի 14-ին, տեղական ժամանակով ժամը 01:47-ին գրանցվել է երկրաշարժ Երևան քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, 2.4 մագնիտուդով:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևանում և Արարատի մարզի մի շարք բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:–0