Ի՞նչ պետք է իմանալ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականներին փուլային եղանակով ներդրվում է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը, հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ովքեր պետք է 2023 թվականի հաշվետու տարվա համար ներկայացնեն հայտարարագիր
2023 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2024 թվականի մայիսի 1-ը ներառյալ, եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրեր հարկային մարմին պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության հետևյալ քաղաքացիները (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձանց)՝
- 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։
- 2022 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները։
- «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։
- 2023 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները։
Ինչպես ներկայացնել հայտարարագիր
Քաղաքացիները եկամտային հարկի տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգ»-ի հայտարարագրման բաժնից։ Համակարգը հասանելի կլինի ինչպես վեբ, այնպես էլ բջջային հավելվածի տարբերակով։
Համակարգից օգտվելու և հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ խիստ էլեկտրոնային նույնականացում, իսկ փոփոխություններ անելու և հաստատելու համար՝ նաև էլեկտրոնային ստորագրություն: Այն անհրաժեշտ է Ձեր եկամուտների վերաբերյալ տվյալների գաղտնիությունը, անվտանգությունը և դրանց հասանելիությունը բացառապես Ձեզ համար ապահովելու նպատակով: Այժմ գործում է խիստ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության երկու տարբերակ։
Տարբերակ առաջին
Բջջային հեռախոսի միջոցով, ինչի համար անհրաժեշտ է՝
- ունենալ նույնականացման քարտ (ID Card), իսկ չունենալու դեպքում՝ ձեռք բերել այն ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակից։
- Նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել Ձեր կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն, որտեղ բջջային հեռախոսահամարի քարտը (SIM) կփոխարինվի նոր քարտով, իսկ օպերատորին փոխելու դեպքում՝ կտեղադրվի նոր քարտ։
- Բջջային կապի օպերատորի սպասարկող անձնակազմի օգնությամբ և Ձեր մասնակցությամբ ակտիվացնել էլեկտրոնային նույնականացումը։
- Ակտիվացնել էլեկտրոնային ստորագրության ծառայությունը՝ կապի օպերատորի սպասարկման կենտրոնում, ինչպես նաև ինքնուրույն՝ վճարային տերմինալների միջոցով կամ այցելելով՝ https://www.ekeng.am/hy/payments։
Լրացուցիչ տեղեկատվության համար նույնականացման քարտով և բջջային հեռախոսով կարող եք այցելել Ձեր նախընտրած բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն կամ դիմել բջջային կապի օպերատորին հետևյալ եղանակներով.
Վիվա-ՄՏՍ․ թեժ գիծ՝ 111 կամ 093 297 111, www.mts.am
Յուքոմ․ թեժ գիծ՝ 444 կամ 011 444 444, www.ucom.am
Team Telecom Armenia․ թեժ գիծ՝ 100, www.telecomarmenia.am
Տարբերակ երկրորդ
- Էլեկտրոնային կրիչ պարունակող նույականացման քարտով, ինչի համար անհրաժեշտ է՝ունենալ մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակից ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ, որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրեր:
- Ունենալ ընթերցող սարք, որը կարող եք նաև ձեռք բերել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ից (մանրամասները՝ https://www.ekeng.am/hy/reader)։
- Այցելել www.ekeng.am կայք և հետևելով ուղեցույցներին՝ ակտիվացնել էլեկտրոնային քարտը և ստանալ էլեկտրոնային ստորագրություն:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.ekeng.am կայքի առցանց խորհրդատուի էջ կամ զանգահարել +374 60 464504 հեռախոսահամարով։
Ի գիտություն
Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ որևէ գործողություն չի պահանջվում:
Ինչ է սոցիալական ծախսը
Հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձինք ունեն եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունք։ Հայտարարագիր ներկայացնող անձը կարող է օգտվել փոխհատուցումից ինչպես իր, այնպես էլ ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերից։ Ընտանիքի անդամներն են՝ ֆիզիկական անձի ամուսինը, ծնողները և զավակները (որդեգրողները և որդեգրվածները):
Սոցիալական ծախս է համարվում`
- Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերումը,
- Հայաստանում իրականացվող կրթական հաստատություններին կատարված ուսման վճարները (նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները)։
Ինչպես կարելի է օգտվել փոխհատուցումից
Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է սոցիալական ծախս կատարելիս ծառայություն մատուցողից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթուղթ (invoice)՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ։
Որքան է կազմում սոցիալական ծախսը
Առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը տարեկան 50.000 դրամն է։ Կրթության գծով՝ տարեկան առավելագույնը 100.000 դրամը։ Անհրաժեշտ է հիշել, որ ֆիզիկական անձի՝ իր և ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի առավելագույն չափը կազմում է տարեկան 100.000 դրամ:–0–