Ի՞նչ իրավիճակ է ՀՀ–ում՝ Արևմտյան Նեղոսի տենդի հետ կապված․ ԱՆ–ի բացառիկ մեկնաբանությունը

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ առողջապահության նախարարությունը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ մեկնաբանության մեջ ներկայացրել է ՀՀ–ում Արևմտյան Նեղոսի տենդի հետ կապված իրավիճակն ու միջոցառումները, որոնք իրականացվում են հիվանդության տարածումը կանխելու համար։
Գերատեսչությունից տեղեկացրեցին, որ սեպտեմբերի 20–ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդի 132 դեպք։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ փոխգործակցության առումով նախարարությունից նշեցին, որ ԱՀԿ–ի կողմից ֆինանսական աջակցություն չի նախատեսվում։ Համագործակցության շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությանը ցուցաբերվում է մեթոդական, փորձագիտական–խորհրդատվական, նյութատեխնիկական աջակցություն։
Նախարարությունից նշեցին, որ տենդի կանխարգելման նպատակով իրականացվում են․
– համաճարակաբանական, էպիզոոտոլոգիական՝ ներառյալ էնտոմոլոգիական մշտադիտարկում
– բուժհաստատություններին պարբերաբար տրամադրվում է մասնագիտական և մեթոդական խորհրդատվություն
– մշակվել են ««Հայաստանի Հանրապետությունում Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվները
– «ՀՎԿ ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի մասնագետների կողմից պարբերաբար լրատվական միջոցներով իրականացվում են իրազեկման աշխատանքներ
– ՀՀ ԱՆ–ն իրականացնում է գամբուզացման աշխատանքներ, ինչպես նաև աշխատանքներ տենդի հարուցչի և հիվանդության հայտնաբերման և ախտորոշման լաբորատոր կարողությունների զարգացման ուղղությամբ։
«Արևմտյան Նեղոսի տենդի էթիոտրոպ (սպեցիֆիկ) բուժում չկա, կիրառվում է ախտանշանային բուժում։ Բուժհաստատություններում հիվանդության բուժման և ախտորոշման պատրաստվածությունը բավարար է», – պարզաբանեցին գերատեսչությունից։
Առողջապահության նախարարությունից նաև նշեցին, որ շրջաբերական է իջեցվել բոլոր ՀՀ մարզպետներին, բուժհաստատություններին հիվանդության կանխարգելման նպատակով միջատների բազմացման դեմ միջոցառումներ իրականացնելու, բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների, աղբամուղի ու աղբահավաք խցերի դեզինսեկցիա (պայքար միջատների դեմ) կատարելու վերաբերյալ, «ՀՎԿ ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի կողմից առաջարկվել է խոշորացված խոշորացված համայնքներում և մոծակների հասուն ձևերի առավել մեծ խտություն ունեցող տարածքներում ուժեղացնելու պայքարի միջոցառումները։
Համաձայն Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի տվյալների, 2024թ․–ի սեպտեմբերի 18–ի դրությամբ Եվրոպայի 16 երկրներում գրանցվել են Արևմտյան Նեղոսի տենդի դեպքեր՝ Ալբանիա, Ավստրիա, Բուլղարիա, Խորվաթիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իտալիա, Կոսովո, Հյուսիսային Մակեդոնիա, Ռումինիա , Սերբիա, Սլովենիա, Իսպանիա և Թուրքիա։ Վրաստանում և Իրանում արձանագրված դեպքերի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չկա։