Ի՞նչ են թալանել Հրաչյա Հակոբյանի տնից․ գողոնի ընդհանուր չափը 7–8մլն դրամ է

22.01.2025, 14:28
Նա նշեց, որ այդ օրերին տանը չէ եղել, եղել է ԱՄՆ–ում, քանի որ երեխաները բնակվում են այնտեղ
Ի՞նչ են թալանել Հրաչյա Հակոբյանի տնից․ գողոնի ընդհանուր չափը 7–8մլն դրամ է

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Իմ տնից գումար են գողացել, մի քանի ոսկեղեն և մեկ ժամացույց. ընդհանուր վնասի չափը կազմել է 7-8 մլն դրամ։

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին։

Հրաչյա Հակոբյանի խոսքով, դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 29–ին, հանցագործության մասին հաղորդումը ներկայացվել է հունվարի 14-ին։

Նա նշեց, որ այդ օրերին տանը չէ եղել, եղել է ԱՄՆ–ում, քանի որ երեխաները բնակվում են այնտեղ։

Արձագանքելով լրագրողի այն մեկնաբանությանը, թե երեխաները բնակվում են ավելի ապահով երկրում՝ Հակոբյանը նշեց․ «Կնոջս հետ ամուսնալուծված ենք։ Եվ նախկին կինս ամուսնացել է ԱՄՆ քաղաքացու հետ։ Ես նախընտրել եմ, որ երեխաներս մեծանան իրենց մոր հետ, դեմ չեմ դրան»։

Լրագրողի հարցին, թե հնարավոր համարու՞մ է, որ նրա ունեցած կապերի շնորհիվ գործը արագ բացահայտվի, գողոնն էլ ամբողջությամբ վերադարձվի, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց.

«Չեմ կարծում, որ ոստիկանությունն առաջնորդվում է այն սկզբունքով, որ եթե մեկը պատգամավոր է կամ որևէ պաշտոն է զբաղեցնում, պետք է դրանով պայմանավորված լինի»։