«Իմնեմնիմի»–ի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրվարույթով նախաքննությունն ավարտվել է

03.05.2024, 13:53
Առաջին դատական նիստը կնշանակվի շուրջ երկու շաբաթից
«Իմնեմնիմի»–ի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրվարույթով նախաքննությունն ավարտվել է
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը Facebook–յան իր էջում։

«Երեկ՝ մայիսի 2-ին, վարույթն իրականացնող քննիչը մեզ պաշտոնապես ծանուցել է քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննության ավարտի մասին։ Դա նշանակում է, որ մի քանի օրից գործը կուղարկվի դատարան, իսկ առաջին դատական նիստը կնշանակվի շուրջ երկու շաբաթից», – նշվում է Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանի և Սաղաթելյանի պաշտպան Արեն Բաբայանի հայտարարության մեջ։

Սամսոնյանն ու Սաղաթելյանն ազատությունից զրկվել են մարտի 22-ին՝ այն բանից հետո, երբ իրենց հեղինակային «Իմնեմնիմի» փոդքաստում կոշտ բառապաշարով քննարկել են Տավուշի հայկական տարածքներն ադրբեջանական կողմին հանձնելու մտադրության մասին ՀՀ կառավարության ղեկավարի հայտարարությունները։