ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտնել է մանդատը վայր դնելու մասին։ Այս մասին նա տեղեկացրել է Facebook–յան իր էջում։
«Վերջին մղձավանջային օրերի ընթացքում հուսով էի , որ կարող ենք մի բան փոխել , ստեղծված իրավիճակում քաղել առավելագույնը` ի շահ Հայաստանի Հանրապետության` սառը դատողությամբ և միասնական ուժով, և դրա համար պատրաստ էի ամեն ինչ ներդնել, որովհետև երկիրը կանգնած է մեծ վտանգի առաջ ...որովհետև ներքին կայունությունն ամենակարևորն է ։ Հիմա, դիմում եմ ԱԺ նախագահ` պարոն Արարատ Միրզոյանին . Ես դեռևս այն չարաբաստիկ գիշերը գրել էի իմ դիմումը , հիշու'մ եք , բայց երբ Ձեր նկատմամբ տեղի ունեցավ բռնություն , ես այն հետ վերցրի , որովհետև Ձեզ այդ վիճակում միայնակ թողնելն առնվազն անարդարացի կլիներ։ ՀՀ վարչապետի վերջին գրառումից հետո, ես ստիպված եմ կայացնել որոշում և հուսով եմ` Դուք ինձ կհասկանաք` որպես Ձեր ուսանողական ընկեր , որպես ձեզ հետ երբեմն` նույնիսկ դժվար ճանապարհ անցած մարդ։ Եթե Իմ Քայլը հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում, ես վայր եմ դնում իմ մանդատը։ Շնորհակալ եմ ըմբռնման համար», – գրել է Բադալյանը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով»։
Այս գրառումից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանըհայտնեց մանդատը վայր դնելու մասին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանն էլ հայտնեց, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները վերջին օրերին հանրահավաքներ են կազմակերպում` պահանջելով Փաշինյանի հրաժարականը։ Նրանք մեղադրում են նրան Հայաստանի համար վիրավորական համաձայնագիր ստորագրելու մեջ։–0–