ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ սահմանելով խնամքի նպաստի նոր չափեր։
Խնամքի նպաստի գործող չափը, ինչպես գյուղաբնակ, այնպես էլ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի դեպքում սահմանված է 28600 դրամ։ Որպես Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրային դրույթ, նախատեսվում է սահմանել խնամքի նպաստի նոր չափ։ Ըստ այդմ, առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից խնամքի նպաստի չափը սահմանել՝ մինչև 2023 թ. հունվարի 1-ը ծնված երեխային խնամելու կապակցությամբ խնամքի արձակուրդում գտնվող կամ գյուղաբնակ ծնողի համար՝ 31600 դրամ (գործող՝ 28600 դրամի փոխարեն), 2023 թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխային խնամելու կապակցությամբ խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ 31600 դրամ, 2023 թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխային խնամելու կապակցությամբ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար խնամքի նպաստի չափը հաշվարկել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի 50 տոկոսից։
Հաշվի առնելով, որ 2023 թ. հունվարի 1-ից նախատեսվում է նվազագույն աշխատավարձը սահմանել 75000 դրամ, ապա խնամքի նպաստի չափը նախագիծն ընդունվելու դեպքում կկազմի 37500 դրամ։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում