Հրաշք ծնունդ. Երևանում եռյակ է լույս աշխարհ եկել` 3 տղա (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

03.08.2021, 11:19
Հրաշք ծնունդ. Երևանում եռյակ է լույս աշխարհ եկել` 3 տղա.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Հրաշք ծնունդ. Երևանում եռյակ է լույս աշխարհ եկել` 3 տղա (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Օրերս «Շենգավիթ» բժշկական կենտրոնում բնական ճանապարհով բեղմնավորված, առանց օժանդակ տեխնոլոգիաների կիրառման եռյակ է ծնվել: 

Ինչպես նշվում է ԲԿ–ի Facebook–յան էջում, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակչուհի 25-ամյա Լաուրա Միրզոյանն ու նրա ամուսինը պլանավորում էին երկրորդ երեխան: Աննկարագրելի է այն զգայական պահը, երբ հղիության վաղ շրջանում Լաուրան ու ամուսինը ՈՒՁՀ հետազոտության ժամանակ պարզեցին, որ ոչ թե մեկ, այլ երեք տղա են ունենալու: Երիտասարդ զույգը արդեն մեկ արու զավակ ուներ: 

Նրանք մտածել անգամ չէին կարող, որ իրենց երեխաները շուտով ոչ թե երկուսը կլինեն, այլ՝ միանգամից չորսը, այն էլ տղաներ: 

Արեգը, Արենը և Արամը ծնվել են ս․թ․ հուլիսի 21-ին, 1700,1950 և 1900 գրամ քաշերով՝ կեսարյան հատման ճանապարհով, 34–35 շաբաթական հղիության շրջանում «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Հովհաննիսյանի օգնությամբ: 

Երեխաները գտնվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում, նեոնատոլոգ Արթուր Ջանազյանի հսկողության տակ և ակտիվ բուժման կուրսն անցնելուց հետո բավարար վիճակում դուրս են գրվել։ 

Իսկ տանն արդեն իրենց սպասում էր ավագ եղբայրը՝ 5 ամյա Նարեկը: 

«Շնորհակալ եմ ամբողջ բժշկական անձնակազմից հոգատար, ջերմ ու պրոֆեսիոնալ վերաբերմունքի համար: Շնորհակալ եմ իմ բժիշկներին երեխաներիս կյանք պարգևելու համար: Չկա առավել մեծ երջանլկություն, քան բազմազավակ մայր լինելը», – նշել է Լաուրան։ 

Հ.Գ. երեխաների նկարները հրապարակված են ծնողների համաձայնությամբ:–0–