ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Facebook–յան իր էջում հրապարակել է այսօր գիշերը Երևանում սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանի լուսանկարը։
Հիշեցնենք, որ ոստիկանության ծառայողներ Տիգրան Առաքելյանը և Ա. Հակոբյանը հոկտեմբերի 16-ին ժամը 03:40-ի սահմաններում, իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը), 316-րդ հոդվածի 2-րդ մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպանությունը): Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: ՀՀ Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարած անձանց ինքնությունը: Նրանք եղբայրներ են՝ ծնված 2003 և 2001թթ.: Վերջիններս ձերբակալվել են:–0–