ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այս տարի «Էրեբունի-Երևան» տոնակատարությունները տեղի կունենան հոկտեմբերի 19-ին։
Այս մասին Facebook–յան իր էջում հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։
«Ինչպես արդեն նշել էինք, տոնական միջոցառումները տեղի կունենան համաչափ՝ բոլոր վարչական շրջաններում։ Տոնական միջոցառումների ծրագիրը կհրապարակենք հաջորդ շաբաթ», – նշել է նա։
Վանի թագավորության քաղաք Էրեբունին հիմնադրվել է մ. թ. ա. 782 թվականին։ Ըստ Վանում գտնված սեպագիր տարեգրության՝ Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն իր ղեկավարման 5-րդ տարում կառուցեց Էրեբունի քաղաքը։ 1950 թվականին Արին-Բերդի բլրի վրա գտած մի սալաքարի վրա արված գրությունը թույլ է տալիս նույնականացնել Էրեբունի և Երևան քաղաքները։ Երևանը հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետության մայրաքաղաք 1918թ.–ի մայիսի 28–ին։ Երևանի օրը նշվում է ամեն տարի` սկսած 1968թ.–ից։
2018թ.–ին Երևանը տոնեց իր մեծ հոբելյանը` 2800–ամյակը։–0–