Հորեղբորս բիզնեսն է, յուրաքանչյուր մարդ իր գործունեության համար է պատասխան տալիս․ սոցապ նախարարը՝ «Լիաննա գարդեն հոլ»–ում 100մլն դրամի ստվերային շրջանառության մասին

05.11.2024, 17:21
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է «Լիաննա գարդեն հոլ»–ում 100 մլն դրամի ստվերային շրջանառության բացահայտմանը
Հորեղբորս բիզնեսն է, յուրաքանչյուր մարդ իր գործունեության համար է պատասխան տալիս․ սոցապ նախարարը՝ «Լիաննա գարդեն հոլ»–ում 100մլն դրամի ստվերային շրջանառության մասին

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Լիաննա գարդեն հոլ»–ում 100 մլն դրամի ստվերային շրջանառությանը՝ նշելով, որ «Լիաննա գարդեն հոլ»–ն իր հորեղբոր բիզնեսն է։

Նա նաև չի հերքել լրագրողի այն դիտարկումը, որ տարիներ առաջ իր հայրն է հիմնել ընկերությունը։

«Յուրաքանչյուր մարդ իր գործունեության համար է պատասխան տալիս։ Կարդացեք ՊԵԿ-ի հայտարարությունը։ Ես տեղյակ չեմ, այն ինչ գրված է՝ գրված է։ Ես, առհասարակ, չեմ խառնվում այդ գործերին, ընդհանրապես կապ չունեմ այդ բիզնեսի հետ։ Իմ հորեղբոր բիզնեսն է, նա զբաղվում է բիզնեսով դեռ 2000-ականներից շուտ։ Եթե չեմ սխալվում՝ համադրումների խնդիր է եղել և վերականգնվել է։ Դա իմ խնդիրը չէ»,- ասաց Մկրտչյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե դեպքը վերաբերում է իր ընտանիքին պատկանող բիզնեսին՝ նախարարն ասաց․ «Իմ ընտանիքում ավելի շատ անդամներ դուք կարող եք տեսնել, հետևաբար, յուրաքանչյուր մարդ իր գործունեության համար է պատասխան տալիս»։

«Հայաստանում չկա արտոնյալ մարդ՝ կլինի սոցապ նախարար, էկոնոմիկայի նախարար, թե ցանկացած աստիճանի պաշտոնյա։ Բոլորն օրենքի առաջ հավասար են։ Կլինի որևէ չարաշահում, կլինի համապատասխան գնահատական։ Բոլորը պետք է պատասխան տան»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4–ին ՊԵԿ–ը հայտնել էր, որ «Լիաննա գարդեն հոլ»-ում («Վանատամ» ՍՊԸ) իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից «Վանատամ» ՍՊԸ-ի վերաբերյալ ստացված տեղեկությունների և միաժամանակ կատարված վերլուծական աշխատանքների արդյունքներով վեր հանված ռիսկերի հիման վրա, 19.10.2023թ.-ին ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Լիաննա գարդեն հոլ» ֆիրմային անվամբ գործող ռեստորանային համալիրում առկա է շուրջ 100 մլն դրամի ստվերային շրջանառություն, միաժամանակ պարզվել է նաև, որ ռեստորանային համալիրն իր վարձու աշխատողներին վճարվող աշխատավարձի չափը 4 մլն դրամի չափով պակաս է արտացոլել և ներկայացրել հարկային մարմնին ներկայացվող հարկային հաշվարկներում։ Միջոցառման արդյունքներով «Վանատամ» ՍՊԸ-ի մոտ ընդհանուր առմամբ առաջացել է 5․011․080 ՀՀ դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորություն, որն ամբողջությամբ վերականգնվել է։