Հիվանդը մետաղյա շղթայով կապված է եղել ջեռուցման մարտկոցին. Խոշտանգումներ Վարդենիսի տուն-ինտերնատում

17.02.2023, 13:10
Հիվանդը մետաղյա շղթայով կապված է եղել ջեռուցման մարտկոցին. Խոշտանգումներ Վարդենիսի տուն-ինտերնատում
Հիվանդը մետաղյա շղթայով կապված է եղել ջեռուցման մարտկոցին. Խոշտանգումներ Վարդենիսի տուն-ինտերնատում
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենն իրականացրել է մի շարք ապօրինություններ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Մասնավորապես, հիվանդներից մեկը նրա խոզանոցում կատարում է մաքրման աշխատանքներ, նաև տնօրենի հանձնարարությամբ հիվանդները տնտեսական աշխատանքներ են կատարում տուն-ինտերնատի աշխատակիցների փոխարեն:

Բացի այդ, ըստ տեղեկությունների՝ տնօրենը բուժվողներին ենթարկում է խոշտանգման և հանձնարարում, որ նրանց չտրամադրեն հասանելիք ծխախոտի չափաբաժինը և օրվա ճաշացանկով նախատեսված սնունդը:

Ոստիկանության ծառայողների տեղեկություններով՝ տնօրենը աշխատակիցների դրույքաչափերը բարձրացնելու համար միջնորդի միջոցով պահանջել և ստացել է տարբեր չափերի գումարներ: Բացի այդ, պաշտոնավարման տարիներին անփույթ վերաբերմունք է դրսևորել աշխատանքի նկատմամբ և համապատասխան որակավորում չունեցող աշխատողներին աշխատանքից չի ազատել:

Իրավապահների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և վարույթային գործողությունների արդյունքում՝ փետրվարի 16-ին տուն-ինտերնատի բաժանմունքներից մեկի իր հիվանդասենյակում, ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթայով կապված, հայտնաբերվել է հիվանդներից մեկը:
Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենը և մի խումբ աշխատակիցներ ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:

Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-