ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 15-րդ կետերով (սպանություն) նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետակոծության արդյունքում երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:
Загружается новость ... "Лево"
«Նախնական տեղեկություններով՝ 2022թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետակոծության է ենթարկվել Ջերմուկում տեղակայված պաշտպանության տեղամասի դիրքերից մեկը, որի հետևանքով մահացու բեկորային վնասվածքներ են ստացել ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, նույն զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ, պայմանագրային զինծառայող, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը և պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Կատարվում է նախաքննություն:
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին
Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ-ն հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել է ինտենսիվ կրակ վարել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև հարվածային ԱԹՍ-ներ: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։-0-