Հայտնի են Հայաստանում կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացված 5 պացիենտների հետազոտությունների արդյունքները. ԱՆ

03.02.2020, 23:19
Հոսպիտալացված կասկածելի 5 պացիենտներից իրականացվել են նմուշառումներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով
Հայտնի են Հայաստանում կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացված 5 պացիենտների հետազոտությունների արդյունքները. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հոսպիտալացված կասկածելի 5 պացիենտներից իրականացվել են նմուշառումներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով: Արդյունքում թե՛ գրիպի, և թե՛ կորոնավիրուսի նկատմամբ հետազոտությունները եղել են բացասական:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Facebook–յան իր էջում։

Այսօր մի շարք հայկական ԶԼՄ–ներ հայտնել էին, որ Չինաստանից վերադարձած տղամարդը հոսպիտալացվել է`թոքաբորբ ախտորոշմամբ։ Նա ահազանգում էր, որ հիվանդանոցում հրաժարվում են կորոնավիրուսի թեստ անել` պատճառաբանելով, որ վիրուսի բռնկման օջախի քաղաքից` Ուհանից չի եկել և հիվանդությանը բնորոշ լուրջ ախտանիշներ չունի:

 «Ելնելով նշվածից Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է խուճապի չմատնվել և հետևել բժիշկների խորհուրդներին՝ զերծ մնալով «մասնագիտական» ուղորդումներից և մեկնաբանություններից», – նշել է Նիկողոսյանը։

Փետրվարի 3–ի դրությամբ Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով թոքաբորբով հիվանդացածների թիվն ավելի քան 17 հազար է, 362 մարդ մահացել է, իսկ 526–ը` բուժվել։ Փետրվարի 1–ի դրությամբ կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել աշխարհի 27 երկրներում, այդ թվում`Ռուսաստանում։–0–