Հայտնի են ՀՀ ՊՆ-ում ԱՄՆ ներկայացուցչի գործառույթները

23.07.2024, 15:02
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունն անդրադարձել է ՊՆ-ում ԱՄՆ ներկայացուցչի գործառույթներին
Հայտնի են ՀՀ ՊՆ-ում ԱՄՆ ներկայացուցչի գործառույթները

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի պաշտպանության նախարարությունում Միացյալ Նահանգների բանակի ներկայացուցչի նշանակմամբ՝ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին՝ անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունից՝ հստակեցնելով, որ քաղաքացիական խորհրդատուի ընտրությունն արդեն կատարված է և այս տարի նա աշխատանքի կանցնի։

«ԱՄՆ պետքարտուղարության Գլոբալ պաշտպանական բարեփոխումների ծրագիրն աշխարհով մեկ աջակցում է գործընկեր պետություններին առավել դիմակայուն, արդյունավետ ու հաշվետու անվտանգային հաստատությունների ձևավորման հարցում՝ ապահովելով ռազմավարական մակարդակի խորհրդատվական աջակցություն»,-նշել է դեսպանությունն՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էզրա Զեյայի՝ օրեր առաջ արված հայտարարությանն այն մասին, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչը կաշխատի Հայաստանի պաշտպանության նախարարությունում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էզրա Զեյան հաստատել էր տեղեկություններն այն մասին, որ Հայաստանի Պաշտպանության նախարարությունում կաշխատի ԱՄՆ ներկայացուցիչ։

Անդրադառնալով հարցին, թե ՀՀ ՊՆ-ում ի՞նչ գործառույթներ են վերապահված լինելու ԱՄՆ բանակի ներկայացուցչին՝ դեսպանությունից հաղորդել են. «Քաղաքացիական խորհրդատուն չի ֆինանսավորվում ԱՄՆ բանակի կամ Պաշտպանության դեպարտամենտի կողմից. ֆինանսավորումն ապահովվում է Պետքարտուղարության կողմից և խորհրդատուն աջակցելու է Հայաստանի պաշտպանական հաստատությունների ամրապնդման հարցում։ Խորհրդատուն աշխատելու է Հայաստանում՝ կանոնավոր աշխատանքային շփումներ ունենալով Դեսպանության և Պաշտպանության նախարարության հետ»։

Դեսպանությունը նաև հավելել է, որ խորհրդատվական աջակցության միջոցով Միացյալ Նահանգները մտադիր է աջակցել Հայաստանին՝ անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, որն էլ իր հերթին կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը։ 

«Քաղաքացիական խորհրդատուի ընտրությունը կատարված է և այս տարի ավելի ուշ նա աշխատանքի կանցնի»,-եզրափակել են ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունից։