Հայտնի է Դալմայի վերաբացման հստակ ամսաթիվը

18.01.2020, 17:59
Շենքն ապահով է և ամուր. հայտնի է Դալմայի վերաբացման հստակ ամսաթիվը
Հայտնի է Դալմայի վերաբացման հստակ ամսաթիվը

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Դալման Գարդեն մոլի» ղեկավարությունը հայտնել է առևտրի կենտրոնի բացման ամսաթիվը։

Հիշեցնենք, որ հունվարի 9–ի երեկոյան «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնում զգացվել են ցնցումներ, ինչից հետո առևտրի կենտրոնի բոլոր աշխատակիցներն ու այցելուները տարհանվել են։ Սեյսմիկ ծառայությունն իր հերթին նշել է, որ հանրապետության տարածքում գրանցված երկրաշարժի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ 

Ինչպես նշվում է առևտրի կենտրոնի Facebook-յան էջում, համապատասխան պետական մարմինների կողմից մատնանշված խնդիրների լուծմանն ուղղված քայլերն իրականացվել են։

«ԱԻՆ և ՀՀ Քաղաքաշինության Պետական Կոմիտեի աշխատակիցների շրջայցերի ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունքում շենքի կառուցվածքային կամ այլ տեսակի խնդիրներ չեն հայտնաբերվել», – նշվում է գրառման մեջ։ 

Շենքն ապահով է և ամուր, բայց դատարկ՝ առանց իր սիրելի հաճախորդների։ 

«Նախորդ 10 օրերը դժվար էին մեզ համար, սակայն այդ ժամանակահատվածում մենք ստացանք շատ նամակներ ու մեկնաբանություններ, որոնք ոգևորեցին, հուզեցին, լցրեցին կարոտով, և մենք էլ ավելի մեծ եռանդով ու անհամբերությամբ սկսեցինք սպասել բացմանը, որպեսզի նորից հանդիպենք ձեզ, և մոլի՝ արևի լույսով լցված, բայց դատարկ պատերը նորից շունչ առնեն և ողողվեն ծիծաղով, հապճեպ քայլերի ձայներով, ժպիտներով ու սիրով։ Այսօրվա գրառումը կրում է միայն դրական ուղերձ։ Վաղը՝ հունվարի 19-ին, առավոտյան ժամը 10։00-ից Դալմա Գարդեն մոլն իր դռները կրկին կբացի իր սիրելի այցելուների առջև և անհամբեր կսպասի ձեզ, որ նորից լցվի ջերմությամբ ու պարգևի սեր», – հայտնում են առևտրի կենտրոնից։–0–