Հայկ Մարությանը ՎԶԵԲ պատվիրակության հետ քննարկել է էլեկտրական տրանսպորտի և մետրոյի զարգացման հեռանկարը

05.02.2019, 20:45
Հայկ Մարությանը ՎԶԵԲ պատվիրակության հետ քննարկել է էլեկտրական տրանսպորտի և մետրոյի զարգացման հեռանկարը:
Հայկ Մարությանը ՎԶԵԲ պատվիրակության հետ քննարկել է էլեկտրական տրանսպորտի և մետրոյի զարգացման հեռանկարը

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանի գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեի գլխավորած պատվիրակության հետ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ 

Բանկի ներկայացուցիչները քաղաքապետին համագործակցության մի շարք նոր ծրագրեր են առաջարկել, մասնավորապես էլեկտրական տրանսպորտի ցանցի, այդ թվում՝ մետրոպոլիտենի զարգացման և ճոպանուղու կառուցման ծրագրերին օժանդակության հարցով: 

Շնորհակալություն հայտնելով համագործակցության պատրաստակամության համար՝ քաղաքապետը կարևորել է էլեկտրական տրանսպորտի զարգացումը՝ նշելով դրա մի շարք առավելությունները, այդ թվում՝ բնապահպանական խնդիրների լուծման տեսանկյունից: 

Загружается новость ... "Лево"

Անդրադառնալով մետրոյի նոր կայարանի կառուցմանը՝ քաղաքապետը նշել է, որ այս պահին ակտիվ քննարկումներ են ընթանում միջազգային տարբեր կառույցների և շահագրգիռ բոլոր կողմերի հետ՝ ծրագիրն իրագործելու նպատակով: 

Քաղաքապետը նշել է, որ էլեկտրական տրանսպորտի նոր շարժակազմերի ներդրումը կարող է ընթանալ նաև տրանսպորտային բարեփոխման ծրագրի իրագործմանը զուգահեռ: 

ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանի գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեն իր հերթին նշել է, որ բանկը պատրաստ է նաև տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների ու նախագծանախահաշվային ծրագրերի իրականացմամբ մասնակից դառնալ Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրին՝ ակնկալելով նաև պետության մասնակցությունը գործընթացին: 

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում քննարկել հստակ առաջարկներ՝ նախանշվող ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու նպատակով:–0–