ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Քննչական կոմիտեն հիմա ունի հաստատված տվյալներ ադրբեջանական գերության մեջ գտնվող 21 մարդու մասին, ասաց ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը այսօր ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով, հայ գերիների մասին տեղեկությունները մշտապես փոխվում են, ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչը, առանձին իրավապաշտպաններ և փաստաբաններ դիմումներ են ներկայացնում Եվրադատարան հատուկ միջոցների կիրառման համար, որպեսզի պարտադրեն Ադրբեջանին ներկայացնել կոնկրետ տվյալներ և ապահովել միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերի պահպանումը ռազմագերիների նկատմամբ և նրանց կացության պայմանների հարցում։
«Այսինքն, մենք փորձում ենք հասնել նրան, որ գերիները չենթարկվեն խոշտանգումների, ստանան անհրաժեշտ բուժօգնություն։ Այս պահին մենք ունենք հաստատված տվյալներ 21 մարդու մասին, կան նաև տեղեկություններ երկու անձանց մասին, որոնք ճշգրտվում են», – ասաց Վարդանյանը։
Загружается новость ... "Лево"
Հայկական կողմին փոխանցված զոհերի մարմինների մասին
ՔԿ նախագահի տեղակալը տեղեկություններ հայտնեց նաև 29 հայ գերիների մարմինների մասին, որոնք վերջերս փոխանցվել էին հայկական կողմին։
«Քննչական խումբը մասնակցել է մարմինների փոխանցմանն ու իրականացնել է միջոցառումներ, տեղում կատարվել են քննչական–դատավարական գործողություններ։ Կային ածխացած դիակներ, կային մարմնի մասեր, որոնք պայթյունի հետևանքով բացակայում էին։ Բոլոր տվյալներով եզրակացություն չենք ստացել», – տեղեկացրեց Վարդանյանը։
Նա նշեց, որ այս պահին չկան տվյալներ խոշտանգումների և դիտավորյալ անդամահատված լինելու մասին, չնայած դատաբժշկի եզրակացությունը դեռ չի ստացվել։
«29–ից 4 անձի մասով արդեն իսկ հարազատները ճանաչել են», – ասաց ՔԿ պաշտոնյան։
Վարդանյանը նաև տեղեկացրեց, որ կա գերության մեջ մահացած 84–ամյա Միշա Մելքումյանի մասով նախնական եզրակացություն։
«Դատաբժշկի նախնական եզրակացությամբ, անձի մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետևանքով, այսինքն առկա է բռնի մահ», – ասաց նա։
Դաժան տեսանյութերի մասին
Անդրադառնալով համացանցում տարածված հայ զինծառայողների նկատմամբ խոշտանգման կադրերին՝ քրեագիտական վարչության պետը նշեց, որ բոլոր տեսանյութերը զննվում են պատշաճ դատավարական ընթացակարգերի պայմաններում։
«Ունենք անձ, որի խոշտանգված նկարը Ինստագրամում էին տեղադրել, այդ մասով նույնպես քննություն ենք իրականացրել, ուղարկվել է քննչական պահանջ միջազգային տարբեր իրավապահ մարմիններին, որպեսզի պարզեն տվյալները և հայտնեն»։–0–