ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 30–ամյակը։ Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ:
Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել: Երկու օր անց հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։
Անկախության տոնին նվիրված միջոցառումներն ավանդաբար կազմակերպվում են երկրի ամբողջ տարածքում։ Բայց այս տարի Հանրապետության Հրապարակում գունագեղ և մասշտաբային տոնակատարություն կազմակերպելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առաջացրեց դժգոհության մեծ ալիք հասարակության շրջանում։ Քաղաքացիներից ոմանք նշում են, որ պատեհ չէ կազմակերպել գունեղ տոնակատարություն, քանի որ Արցախյան 44–օրյա պատերազմի ընթացքում Հայաստանն ունեցել է մեծ թվով զոհեր։ Պաշտոնյաները, սակայն, նշում են, որ այդ օրը Հանրապետության Հրապարակում կհնչի սիմֆոնիկ երաժշտություն, ազգային–հայրենասիրական երգեր, միջոցառումը նվիրված կլինի Հայրենիքի համար իրենց կյանքը զոհած հերոսների հիշատակին։
Պատմություն
Ներկայիս Հայաստանն ընդունված է անվանել Երրորդ Հանրապետություն: Նրանից առաջ եղել են Առաջին Հանրապետությունը (1918-1920 թթ.) և Հայկական ԽՍՀ-ն (1920-1991 թթ.)։
Հայկական պետականությունը վերականգնվել է իր գոյության և ազգային ինքնության պահպանման համար ժողովրդի բազմադարյա պայքարի արդյունքում։
Պատմական տարածքներում հայկական պետությունների անկումից հետո (XI – XII դդ.) հայկական անկախ պետականությունը վերածնվել է Հայաստանի սահմաններից դուրս` Կիլիկիայում: Կիլիկիայի Հայոց թագավորությունը Միջերկրածովյան ամենազարգացած պետություններից էր, որը գոյություն պահպանեց մինչև 14-րդ դարի վերջը:
Երկար տարիների ընթացքում Հայաստանը հսկա կայսրությունների և գերտերությունների արյունահեղ պատերազմների ասպարեզ է եղել, վերապրել է կոտորած և 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը: Սակայն անգամ ծանրագույն պայմաններում հայերը պահպանել և զարգացրել են սեփական մշակույթը, արվեստը, գիտությունը, լեզուն և ավանդույթները։
Հարկ է հիշել, որ հայերենով առաջին տպագիր տեքստը հայտնվել է գրատպության արշալույսին` XV դարի սկզբում, իսկ արդեն 1512 թ.–ին Հակոբ Մեղապարտը թողարկեց տպագիր «Ուրբաթագիրքը»։
Հայաստանում մեծ թափով զարգանում էին աստղագիտությունը, մաթեմատիկան, բժշկությունը, փիլիսոփայությունը։ Հայկական մշակույթի անգին ժառանգությունն է նրա բացառիկ ճարտարապետությունը։
Հայերը, թերևս, միակ ժողովուրդն են, որը, չունենալով պետականություն, ստեղծել է սահմանադրություն ապագա երկրի համար։
20-րդ դարի վերջում հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի պսակը դարձավ Ղարաբաղյան շարժումը, որը վերածվեց լայնածավալ ռազմական գործողությունների: Դրանք ավարտվեցին 1994 թվականի մայիսին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի համաձայնագրի ստորագրմամբ:
Նորանկախ Հայաստանին բաժին հասավ ծանր ժառանգություն` Ղարաբաղի պատերազմը, արգելափակումը, 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ավերիչ հետևանքները, ԽՍՀՄ փլուզման և խորհրդային հանրապետությունների միջև գոյություն ունեցած տնտեսական կապերի կորստի պատճառով առաջացած տնտեսական անկումը:
Սակայն 90-ականների երկրորդ կեսից հաջողվեց անցնել ավերված տնտեսության վերականգնմանը, ակտիվ գործունեություն վարել արտաքին քաղաքական ոլորտում, բարձրացնել համաշխարհային ասպարեզում երկրի հեղինակությունը:
Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, ՀԱՊԿ–ի և ԵՏՄ–ի ակտիվ անդամ։ Միաժամանակ, երկիրը համագործակցում է ԵՄ–ի հետ։ –0–