Հայաստանը նոր խորհրդարան է ընտրում.երկրի ամբողջ տարածքում բացվել են 2008 ընտրատեղամասերը

20.06.2021, 08:00
Հայաստանում մեկնարկել են 8–րդ գումարման խորհրդարանի արտահերթ ընտրությունները։ Տեղական ժամանակով ժամը 08։00–ին հանրապետության ամբողջ տարածքում բացվել են 2008 ընտրատեղամասերը
Հայաստանը նոր խորհրդարան է ընտրում.երկրի ամբողջ տարածքում բացվել են 2008 ընտրատեղամասերը

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում մեկնարկել են 8–րդ գումարման խորհրդարանի արտահերթ ընտրությունները։ Տեղական ժամանակով ժամը 08։00–ին հանրապետության ամբողջ տարածքում 38 ընտրատարածքներում բացվել են 2008 ընտրատեղամասերը։

ՀՀ ոստիկանության տվյալներով, հանրապետության տարածքում համապատասխան ռեգիստրում ներառված ընտրողների ընդհանուր թիվը 2 578 678 մարդ է։ Հայաստանի օրենսդրության համաձայն, արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիները չեն կարողանա քվեարկել ընտրություններին, բացառություն են կազմում Հայաստանի օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներն ու աշխատակիցները, երկարատև գործուղումներում կամ արտասահմանում ուսման մեջ գտնվող զինծառայողները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները։

Ընտրություններին մասնակցում է 4 դաշինք և 21 կուսակցություն։ Դրանք են «Արդար Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Զարթոնք» ազգային–քրիստոնեական կուսակցությունը, «Ազատություն» կուսակցությունը, «Պատիվ ունեմ» դաշինքը, «Միասնական Հայրենիքը», «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Հայոց հայրենիք» կուսակցությունը, «Ազատ Հայրենիք» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը, «Շիրինյան–Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը», «Ազգային օրակարգ» կուսակցությունը, «Վերելք» կուսակցությունը, «Ազատական» կուսակցությունը, Հայաստանի եվրոպական կուսակցությունը, «Ազգային–ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը։

Այս ընտրությունները Հայաստանի Հանրապետության պատմության մեջ երկրորդ արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։ Առաջին արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են 2018թ.–ի դեկտեմբերին` ապրիլյան «թավշյա» հեղափոխությունից մոտավորապես 6 ամիս անց։ Հեղափոխության արդյունքում իշխանության եկավ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը։

Ձայների հաշվարկի ժամանակացույցն ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողությունները

Ժամը 08։00–ին Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում իր աշխատանքը կսկսի տեղեկատվական կենտրոնը, ինչը թույլ կտա լրագրողներին օպերատիվորեն լուսաբանել ընտրությունների ընթացքը։

09։00–ին ԿԸՀ–ն հրապարակելու է ընտրությունների ընթացքի մասին առաջին տվյալները, իսկ 12։00–ից մինչև 21։00–ին կհրապարակի ընտրողների մասնակցության և քվեարկության ընթացքի մասին տեղեկությունը երեքժամյա պարբերականությամբ նախորդ ժամի դրությամբ։

Քվեարկության ողջ ընթացքում ԿԸՀ–ն, Գլխավոր դատախազությունը, ոստիկանությունը, Քննչական կոմիտեն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պարբերաբար ներկայացնելու են տեղեկատվություն խախտումների, ստացվող բողոքների և դիմումների, ԶԼՄ–ներում արված հրապարակումների և դրանց հիման վրա իրականացվող քննությունների մասին։ Քվեարկության օրն աշխատանքային է նաև դատարանների համար։

Քվեարկությունը կավարտվի տեղական ժամանակով ժամը 20։00–ին, ինչից հետո ընտրատեղամասերի հանձնաժողովներում կսկսվի ձայների հաշվարկը։

ԿԸՀ–ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները կամփոփի քվեարկության հաջորդ օրը` հունիսի 21–ին մինչև 20։00–ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի ուղիղ եթերում։

Վարչապետի հրաժարականն ու ընտրությունների նշանակումը

Նոր խորհրդարանի ձևավորման անհրաժեշտության պատճառը 2020թ.–ին Ադրբեջանի կողմից սանձազերծած Արցախյան պատերազմում կրած պարտությունն է։ 2020թ.–ի նոյեմբերի 9–ին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հայտարարությունը, որը վերաբերում էր Արցախում ռազմական գործողությունների դադարին, դժգոհության ալիք առաջացրեց հայկական հասարակությունում։ Կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման պատճառով վրդովված հազարավոր քաղաքացիներ պահանջում էին Փաշինյանի հրաժարականը, կազմակերպվում էին բազմաթիվ հանրահավաքներ և բողոքի ակցիաներ։

Այս տարվա մարտի 18–ին նախագահի և խորհրդարանական ուժերի հետ քննարկումների արդյունքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 2021թ.–ի հունիսի 20–ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։ Այս գործընթացի համար Փաշինյանը, ըստ ձեռք բերված համաձայնության, ապրիլի 25–ին հրաժարական տվեց և դարձավ վարչապետի պաշտոնակատար։

ՀՀ Սահմանադրության համաձայն, արտահերթ ընտրությունների անցկացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կառավարության ղեկավարը հրաժարական է տալիս և Ազգային ժողովը երկու անգամ չի ընտրում վարչապետ։

Մայիսի 3–ին և 10–ին ԱԺ–ն երկու անգամ չընտրեց Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում, ինչից հետո խորհրդարանը ցրվեց իրավունքի ուժով։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց 2021թ.–ի հունիսի 20–ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։–0–