Հայաստանը ճշտում է Խծաբերդում գերեվարվածների հետ կապված տվյալները, մոտ ժամանակներս ակնկալում ենք հանգուցալուծում. Ավինյան

17.12.2020, 11:41
Հայաստանը ճշտում է Խծաբերդում գերեվարվածների հետ կապված տվյալները, մոտ ժամանակներս ակնկալում ենք հանգուցալուծում. Ավինյան
Հայաստանը ճշտում է Խծաբերդում գերեվարվածների հետ կապված տվյալները, մոտ ժամանակներս ակնկալում ենք հանգուցալուծում. Ավինյան
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստում անդրադարձել է Խծաբերդում տեղի ունեցած միջադեպին և այն անձանց, որոնք ամենայն հավանականությամբ գերեվարված են։

«Տվյալներն այս պահին ճշտվում են, ԳՇ պետը գտնվում է Արցախում, այս և այլ հարցերի կապակցությամբ տեղում լուծումները հասկանալու և քննարկումներ իրականացնելու։ Այս հարցի շուրջ էլ տեղի են ունենում խոսակցություններ ադրբեջանական կողմի հետ և մոտակա ժամանակներս ակնկալում ենք հանգուցալուծում», – ասաց փոխվարչապետը։

«Հին Շեն համայնքի հետ կապված խնդիրների վերաբերյալ ուզում եմ տեղեկացնել, որ որոշակի լարվածություն եղել է, այս պահի դրությամբ միջդիրքային հաղորդակցությունն առկա է, ամբողջությամբ լուծված չէ խնդիրը, այդ հատվածում տեղակայված են ռուս խաղաղապահ զորքերը, նաև ակնկալում ենք, որ մոտակա ժամանակներս Հին Շենի վերաբերյալ էլ կունենանք հանգուցալուծում», – ասաց Ավինյանը։

Загружается новость ... "Лево"

Հադրութում իրավիճակի սրացման մասին

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ:

Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։

Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։

Կիրակի օրը՝ դեկտեմբերի 13-ին, ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև Հադրութի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ:

Ավելի ուշ դեկտեմբերի 13-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է, Հին Թաղեր գյուղը խաղաղապահների վերահսկողության տակ անցնելու մասին:

ՊԲ-ից հայտնել են, որ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում, ռուս խաղաղապահների միջնորդությամբ, շրջափակումից դուրս են բերվել մի խումբ հայ զինծառայողներ: ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նշված ուղղությունում դեռևս շարունակում է անհայտ մնալ 73 մարդու ճակատագիր:–0–