ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը, հնարավոր է, Հայաստանին մատակարարի Sukhoi Super Jet-100 տիպի 2–4 օդանավ 2018–2019 թթ.–ին։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը «Եդինայա Ռոսիա» խմբակցության նիստի շրջանակում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Կարող եմ ասել, որ գործընկերները (հայկական կողմը, խմբագրություն) իսկապես անկեղծորեն հետաքրքրված են, և մենք ևս հետաքրքիր ենք համարում այս նախագիծը», – նշել է նախարարը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես են ընթանում բանակցությունները հայկական կողմի հետ։
«Կարծում եմ, որ խոսքը հինգ տարվա ընթացքում մոտ 10 ինքնաթիռի մատակարարման մասին է, սակայն սկսել կարելի է 2–4 ինքնաթիռից», – նշել է նա։
Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են համատեղ ավիաընկերություն ստեղծելու հարցը>>
«Եթե այս տարի մենք մշակենք հասկանալի ծրագիր, և այդ ամենԻ համար գտնենք լուծումներ, այդ թվում աղբյուրների հարցով, ապա, հաշվի առնելով արտադրության ցիկլը, լավագույնԸ, իհարկե, 2018 – 2019 թ.–ի սկիզբն է։ Սակայն, ինչպես հասկանում եմ, ավելի իրատեսական է 2019 թ.–ը», – ավելացրել է Մանտուրովը։
Հունվարին հաղորդվում էր, որ Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են ավիաընկերության ստեղծման հարցը` SSJ-100–ի հիման վրա։ Հիմա Հայաստանում գործում է միայն մեկ ավիաընկերություն` Armenia–ն, որը ստեղծվել է 2016 թ.–ին։ Այն սկսել է թռիչքներ իրականացնել նախորդ տարվա կեսերից։–0–